ՀՀ-ում մի շարք երկրների արտակարգ և լիազոր դեսպանների կանայք` ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի կնոջ` Իրինա Իգիթխանյանի ուղեկցությամբ, ճանաչողական այց կատարեցին Սաղմոսավանք:
Դեսպանների տիկնանցից շատերն առաջին անգամ էին այնտեղ և շատ տպավորված էին: Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ)մշտական համակարգող Շոմբի Շարփի կինը` Սարա Ուոթերսոնը նշեց, որ Սաղմոսավանքն ուղղակի հիասքանչ վայր է:
«Ես առաջին անգամ էի այնտեղ, դա հիանալի վայր էր, վանքի շրջակայքը նույնպես ապշեցուցիչ էր` լեռները, ձորը: Եկեղեցու ներսում աղոթք հնչեց, ինչը շատ գեղեցիկ էր»,- նշեց Սարա Ուոթերսոնը:
ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի կինը` Ուրազաևա Ասելն, արդեն երկրորդ անգամ էր լինում Սաղմոսավանքում, սակայն, նրա խոսքով՝ այս անգամ տպավորություններն այլ էին: «Առաջին անգամ այս ամառ էի եղել այստեղ, կիրակի օր էր, շատ մարդ կար` հարսանեկան արարողություն էր: Այսօր ամեն ինչ այլ էր` մենք լռության մեջ էինք, հատուկ մեզ համար աղոթք հնչեց, ինչը շատ տպավորիչ էր: Ամբողջ պատմությունն էլ լսեցինք և այսքան տարի շարունակ այն կանգուն է մնացել ու ցանկանում ես, որպեսզի դեռ երկար հազարամյակներ էլ այդպես մնա և մարդկանց բարություն բերի: Սաղմոսավանքում հիացնում է նաև շրջակա բնությունը»,- ասաց Ուրազաևան և հավելեց, որ նմանատիպ վայրեր այցելելուց հետո հոգեպես ավելի հանգիստ ես լինում, քանի որ այդպիսի վայրերը շատ մաքուր են: