Հայաստանի ֆինանսների նախարարության` Հարկային օրենսգրքում եւ «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ անելու մասին նախագծերը զայրացրել են հանրությանը:
Այսպես, գործադիրը առաջարկում է համահարթեցնել եկամտահարկի դրույքաչափերը: Բացի այս, պարտադիր կուտակայինի մասնակից հանդիսացող քաղաքացու եւ պետության հատկացումների հարաբերակցությունը կհավասարեցվի: Ըստ ՖՆ-ի` 2020 թվականի հունվարի 1-ից կպարզեցվի փոքր ձեռնարկատիրության հարկման համակարգը: Առաջարկվում է նաեւ 2020 թվականի հունվարի 1-ից վերացնել արտոնագրային հարկի համակարգը եւ դրա շրջանակներում ներկայումս հարկվող գործունեության տեսակների հարկումը կազմակերպել ընդհանուր սկզբունքներով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը հնարավոր է անցում կատարի եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի` 2019 թվականի հուլիսի 1-ից այն սահմանելով 23 տոկոս, այնուհետեւ եկամտային հարկի դրույքաչափը մինչեւ 2023 թվականը աստիճանաբար կնվազեցվի 20 տոկոս: Ի դեպ, շահութահարկի եւ եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետեւանքով հաջորդ տարվա հուլիսի 1-ից սկսած` կբարձրանա ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը: Այս ճանապարհով կառավարությունը մտադիր է պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցել:
Միաժամանակ սա նաեւ ԵԱՏՄ-ին անդամակցելու հետեւանքն է, քանի որ Հայաստանը հարկային ու մաքսային դրույքաչափերը պետք է համաձայնեցնի ԵԱՏՄ դրույքաչափերի հետ: Հիշեցնենք` ալկոհոլային խմիչքները, ծխախոտը եւ բենզինը այս տարվա հունվարի 1-ից արդեն իսկ թանկացել էին: Փաստորեն հաջորդ տարում օղին եւ ծխախոտը դարձյալ չեն խուսափի թանկացումից: Բայց մյուս կողմից` արդյունքում կբարձրանա նաեւ օղու եւ էթիլային սպիրտի նվազագույն իրացման գները. 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտը 3500 դրամից կբարձրանա` դառնալով 6000 դրամ:
Հաջորդ տարվա հուլիսի 1-ից կընդլայնվի ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը` որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպելիքի մեջ հինգ եւ ավել գրամ շաքար պարունակող ըմպելիքները: Ի դեպ, ՖՆ-ն նախատեսում է 2019 թվականի հուլիսի 1-ից բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափը: Հարկ ենք համարում ավելացնել, որ օրեր առաջ կառավարությունը չընդունեց գարեջուր ներկրողների եւ տեղական արտադրողների համար սահմանված ակցիզային հարկը հավասարեցնելուն ուղղված նախագիծը: Մինչդեռ նախագծով հավասար մրցակցային դաշտ կստեղծվեր գարեջուր ներկրողների եւ տեղական արտադրողների միջեւ:
Մյուս կողմից` նկատենք, որ վերջին շրջանում Հայաստանը սկսել է մեծ քանակությամբ գարեջուր ներկրել Ռուսաստանից: Ասել է թե` ռուսական գարեջուրը «գրավել է» տեղական շուկան: Իսկ գարեջրի ներկրման ծավալների աճը պայմանավորված է ներմուծվածի մաքսային արժեքների նվազման հետ: Բացի այս, նախկինում ակցիզային հարկի արժեքային դրույքաչափը չի գործել: Ներմուծված գարեջրի ակցիզային հարկը վճարվել է` սկսած 2015 թվականից, 1 լիտրը 105 դրամ դրույքաչափով: Իսկ ահա տեղական արտադրության համադրելի գարեջրի 1 լիտրի դիմաց վճարված ակցիզային հարկի միջին դրույքաչափը կազմել է 112-115 դրամ: Այսինքն` տեղական արտադրողը յուրաքանչյուր լիտրի դիմաց ավելի է ակցիզային հարկ վճարում, քան ներկրողը: Սա դեռ ամենը չէ:
Պարզվում է, որ 2020 թվականի հունվարի 1-ից կվերանայվի 301 եւ ավել ձիաուժ ունեցող մեքենաներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքաչափը: Այս դեպքում մեկ ձիաուժի համար նախատեսված 50 դրամը կսահմանվի 150 դրամ: Իսկ շրջանառության հարկի շեմը կմնա անփոփոխ` 115 մլն դրամ: Նաեւ ֆինանսների նախարարությունը մտադիր է 2020 թվականի հունվարի 1-ից վերանայել շահումով խաղերի եւ տոտալիզատորի կազմակերպման (այդ թվում` ինտերնետ շահումով խաղերի ինտերնետ տոտալիզատորի) գործունեության հարկման մոտեցումները: Առաջարկվում է այդ գործունեության տեսակների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ:
Ըստ ՖՆ-ի` եկամտային հարկի դրույքաչափերի եւ ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար կվերականգնվի կուտակային կենսաթոշակային հատկացումների պետական բյուջեի եւ քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը: Այսպես, 2020 թվականի եւ դրան հաջորդող տարիների համար երկու տոկոսային կետով կնվազեցվի շահութահարկի դրույքաչափը եւ կսահմանվի 18 տոկոս: Կնվազեցվի ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից հայաստանյան աղբյուրներից ստացվող շահաբաժինների հարկման դրույքաչափը` 10 տոկոսի փոխարեն սահմանելով 5 տոկոս:
Սյունէ Համբարձումյան