Հայաստանում գործող ռեստորանների տերերն իշխանությունից պահանջում են վերանայել հարկային օրենսդրությունը։ Նրանք վստահեցնում են` եթե հարկային բեռը չթեթևանա, ապա գնաճն անխուսափելի կլինի։
Հայաստանի ռեստորանները պատրաստ են փակել իրենց դռները` ի նշան շրջանառության հարկի դեմ բողոքի։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Հայկական ռեստորանների միություն» խմբի համակարգող Աշոտ Բարսեղյանը։
2018 թվականի հուլիսի 1-ից արտոնագրային վճարը (մեկ քմ-ից հարկվող գումար) փոխարինել են 6%-անոց շրջանառության հարկով։ 2019 թվականի հունվարի 1-ից հարկը կբարձրանա մինչև 8%, իսկ 2020 թվականից` մինչև 10%։
«Մենք բողոքում ենք հարկային այդ բեռի դինամիկայի դեմ, որը փորձում են փաթաթել ռեստորանային բիզնեսով զբաղվողներին։ Նրանք 6%-անոց շրջանառության հարկ են մտցրել, մենք մի կերպ հարմարվում ենք դրան։ Սակայն անընդունելի է, որ հունվարի 1-ից հասնի 8%–ի, իսկ հետագայում` 10%-ի»,- ասաց Բարսեղյանը։
Նրա խոսքով` ռեստորանատերերը դեռ ամռանն էին տրտնջում, բայց մի կերպ հաշտվեցին և աստիճանաբար փորձում են ընտելանալ։ Սակայն 8%-անոց նոր փորձությանը հաստատ չեն դիմանա։ Եթե որոշումը չվերանայեն, ապա գները` ջրից մինչև ուտեստներ, անխուսափելիորեն կբարձրանան բոլոր հաստատություններում։
Ռեստորանատերերերն ի նշան բողոքի պատրաստ են մեկ օրով փակել իրենց հաստատությունների դռները։ Օրը կընտրվի Ասոցիացիայի համատեղ նիստի ժամանակ, այս պահին հայտնի է միայն, որ ակցիան կանցկացվի դեկտեմբերին։
«1.5 տարվա ընթացքում նրանք մի քանի անգամ մեծացնում են հարկային բեռը` զուգահեռաբար խստացնելով բիզնեսի նկատմամբ վերահսկողությունը։ Մենք վերահսկողության դեմ չենք, սակայն դեմ ենք հարկերի բարձրացմանը»,- ասաց Բարսեղյանը։
Այս ամենը կհանգեցնի շրջանառության նվազման, աշխատատեղերի կրճատման ու ռեստորանատերերի անվճարունակության։ «Արդյո՞ք կառավարությունը պատրաստ է դրան»,- ասաց Բարսեղյանը։
Նա ընդգծեց, որ կառավարությունը խոստացել էր շուկաները ժամանակակից հսկիչ-դրամարկղային սարքերով ապահովել, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ։ Այժմ ռեստորատորները չեն կարողանում ֆիքսել իրենց ծախսերը, քանի որ շուկայում ոչ ոք ՀԴՄ չի տրամադրում։
Բանն այն է, որ հաշվանցում կարելի է անել միայն հաշիվ ապրանքագրերով հաստատված գնումներից։ Այսօր դա անելն անհնար է, քանի որ ծախսերի առյուծի մասը բաժին է ընկնում սննդամթերքին, որի գնման ժամանակ ՀԴՄ-ներ պարզապես չեն տրամադրում։
«Նրանք ճնշում են ռեստորաններին, բայց ոչ շուկաներին` այդպիսով խուսափելով կատարել իրենց «տնային աշխատանքը»»,- ասաց Բարսեղյանը։
Ասոցիացիան պահանջում է հարկային տոկոսադրույքի փոփոխություն չանել մոտակա հինգ տարիներին։ Ռեստորանների շահույթը 10-15% է կազմում, այլ ոչ թե 30%, ինչպես կարծում է ՊԵԿ-ը։ Բարսեղյանը նշեց, որ գների կտրուկ բարձրացումը կվանսի ներքին սպառողին, զբոսաշրջության զարգացմանն ու հատկապես գաստրոտուրիզմին։
Ռեստորանների ներկայացուցիչները վստահ են, որ շրջանառության հարկը չպետք է գերազանցի 3%-ը։