Իրենց պարտականությունների կատարման հետևանքով կատարած ծախսերի դիմաց Երևան քաղաքի ավագանու անդամներին քաղաքի բյուջեով նախատեսված համապատասխան գումարներից կտրամադրվի ամսական դրամական փոխհատուցում՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի չափով: Արտահերթ նիստում նման որոշում ընդունեց Երևանի ավագանին:
Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն իր ելույթում վստահեցրեց, որ ավագանու անդամը չպետք է ստանա ընդամենը 55 հազար դրամ փոխհատուցում, Երեւանի ավագանու անդամը պետք է ստանա արժանապատիվ աշխատավարձ: «Պետք է կրճատվի ավագանու անդամների թիվը, և Երեւանի ավագանին դառնա մասնագիտացված քաղաքային խորհուրդ»,- նշեց նա։
2018 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների դրամական փոխհատուցման գումարները կվճարվեն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև 2018 թվականի դեկտեմբերի 10-ը ներառյալ: Ավագանու անդամին տվյալ ամսում դրամական փոխհատուցում չի վճարվում, եթե նա այդ ամսվա ընթացքում բացակայել է Երևանի ավագանու և մշտական հանձնաժողովի բոլոր նիստերից, բացառությամբ` այն դեպքերի, երբ տվյալ ամսում Երևանի ավագանու և մշտական հանձնաժողովի նիստեր չեն եղել: