Երևանի քաղաքապետարանը որպես նվիրատվություն ընդունեց «Երևան 2800» մշակութային հիմնադրամի 47 միլիոն 463 հազար դրամ արժեքով գույքը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Արթուր Մկրտչյանը քաղաքապետարանում նոյեմբերի 27-ին կայացած արտահերթ նիստում ասաց, որ տվյալ գումարը ծախսվել է Երևան քաղաքի 2800-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման համար համապատասխան գույք՝ շախմատի ժամացույցներ, քարեր, ֆիգուրներ, Երևանին նվիրված ֆոտոալբոմներ և այլն ձեռք բերելու համար: «Միջոցառումներից հետո «Երևան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը դիմել է Երևանի քաղաքապետին խնդրանքով՝ գույքը որպես նվիրատվություն հանձնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ»,- նշեց նա:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ հավելեց, որ Երևանի 2800-ամյակի հետ կապված պետք է տեղի ունենային որոշակի միջոցառումներ: «Երբ ստանձնեցի քաղաքապետի պաշտոնը, նպատակահարմար չգտա, որ այդ միջոցառումները տեղի ունենան և, հավատացեք, դրանով փրկել եմ ավելի շատ գումար: Այս ապրանքները կոնկրետ արդեն գնված էին, և հնարավոր չէր ոչ մի բան անել»,- հայտնեց Մարությանը՝ հավելելով, որ անհրաժետ է մաքսիմալ ճիշտ օգտագործել այդ ապրանքները: