Նախընտրական քարոզարշավը դեռ երեկ է մեկնարկել, սակայն քաղաքական ուժերը հասցրել են արդեն միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնել, հեռակա բանավիճել։ Հիմնականում հեռակա բանավիճում, և միմյանց անցյալն ու ներկան են հիշեցնում «Իմ քայլը» դաշինքի և ՀՀԿ-ի թեկնածուները։ Փոխադարձ վիրավորանքների պակաս չի զգացվում։
«Որոշ ՀՀԿ-ականներ, Արմեն Աշոտյան, Շուշան Պետրոսյան, որոշել են արցախյան ազատամարտը պաշտպանել Սասուն Միքայելյանից. ձեր քաշի չափ ասկոլկա կա Սասուն Միքայելյանի մարմնում»: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, Սպիտակ քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Սասուն Միքայելյանի հայտարարության վերաբերյալ, թե այս հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան արցախյան ազատամարտը, ՀՀԿ-ականների և Արցախի պաշտոնյաների բուռն քննադատությանը:
Irakanum.am-ի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ, պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը նշեց․ «Նիկոլ Փաշինյանը չի դադարում զարմացնել քաղաքական կյանք ներմուծելով ոչ միայն քաղաքական գործչին, այլ նաև՝ տղամարդուն ոչ վայել բառապաշար։ Հասարակությանն եմ թողնում գնահատել, թե ինչ իրավունք ունի որևէ տղամարդ խոսել կնոջ մասին մեջբերելով քաշը։ Ես, ոչինչ։ Իմ պատասխանները քաղաքական ասպարեզում նա միշտ ստացել ու կստանա, ու կոմպելքսավորված է եղել և կա ու կլինի ինձանից»,- ասաց Աշոտյանը, հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես իրեն զիջել է իր քաղաքական «բագաժով» Հայաստանը ներկայացնելու ուղղությամբ։ «Բայց այն վիրավորանքը, որ նա հասցրել է Շուշան Պետրոսյանին, նրա որպես տղամարդու անվայել պահվածք է, ուր մնաց խոսել վարչապետի մասին»,- նշեց Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահը հույս է հայտնում, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն կխնդրի Շուշան Պետրոսյանից։ «Հուսամ հաջորդ կանգառին կֆայմի ներողություն խնդրել, թող ֆայմի, թող հուշեն իր կողքին կանգնողները։ Առհասարակ ակնհայտ է, որ ակնհայտ է իր ներվայնությունը, բայց դա չի արդարացնում իրեն»,- շարունակեց Աշոտյանը։ Նա կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը իրեն դրել է դիկտատորի տեղ։ Ըստ նրա որևէ մեկին չի հաջողվել վախեցնել ՀՀԿ-ականներին։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշիյանի՝ ՀՀԿ-ականների հասցեին հնչող վիրավորական արտահայտություններին, ապա Աշոտյանն ասաց, որ Փաշինյանը իր քաղաքական պատասխանը կստանա, չի բացառվում՝ իրավական։ «Բոլոր միջազգային դիտորդների ուշադրությունն եմ հրավիրում այս զարհուրհելի պահվածքին, կարծում եմ ժամանակն է, որ Նիկոլ Փաշինյանը դիմի մասնագիտական հոգեբանական աջակցության»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը։