Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբամայի տիկնոջ՝ Միշել Օբամայի ինքնակենսագրական «Becoming» գիրքը դարձել է 2018 թվականին ամենավաճառված գիրքն ԱՄՆ-ում: Այս մասին հայտնել է գիրքը տպագրած Penguin Random House հրատարակչատունը:
Առաջին շաբաթվա ընթացքում գիրքը վաճառվել էր 1.4 մլն օրինակով: Ներկայում ԱՄՆ-ում ու Կանադայում վաճառված գրքերի թիվն անցնում է 2 միլիոնը:
«Becoming»-ը երկրորդ շաբաթն անընդմեջ գլխավորում է New York Times-ի բեսթսելերների ցուցակը: Այն առաջատար դիրքերում է նաև Եվրոպայում, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայում:
Միշել Օբաման ինքնակենսագրական գրքում պատմում է իր մանկության ու երիտասարդության, ինչպես նաև ԱՄՆ առաջին տիկին լինելու ժամանակաշրջանի մասին: Ավելի վաղ Միշել և Բարաք Օբամաները ստորագրել էին համաձայնագիր 60 մլն ԱՄՆ դոլար կանխավճարի դիմաց գրել մեմուարներ: