Թբիլիսիում ցուցարարները ներկայացրել են իրենց պայմանները. Սահակաշվիլին հանդես է եկել կոչով
Advertisement 1000 x 90

Թբիլիսիում ցուցարարները ներկայացրել են իրենց պայմանները. Սահակաշվիլին հանդես է եկել կոչով

Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին դիմել է Թբիլիսիի կենտրոնում բազմահազարանով բողոքի ակցիայի մասնակիցներին՝ կոչ անելով նրանց սատարել միավորված ընդդիմության պահանջները, հաղորդում է Новости-Грузия-ն:

«Միասնությունն ուժ է» միավորումը, որում ընդգրկվել են 11 ընդդիմադիր կուսակցություններ, չի ընդունում Վրաստանում նոյեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները: Ընդդիմությունը մատնանշում է մի շարք լուրջ խախտումներ, որոնք հայտնաբերվել են միջազգային դիտորդների կողմից: Դրանք, մասնավորապես, ընտրողներին ահաբեկելու և ընտրակաշառք բաժանելու դեպքերն են, կրկնակի քվեարկությունն ու ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումն է:

Այսօր Թբիլիսիում ընդդիմությունն անցկացրել է խաղաղ բողոքի ցույց, որի ժամանակ հնչեցվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների և ընտրական համակարգի բարեփոխումների վերաբերյալ պահանջները:

Սահակաշվիլին կոչով դիմել է ակցիայի մասնակիցներին Skype-ի միջոցով, որը հեռարձակվել է խորհրդարանի շենքի մոտ տեղադրված մեծ էկրանի վրա:

«Նախկինում մենք խոսում էինք հնարավոր կատաստրոֆայի մասին. այն արդեն տեղի է ունեցել, քանի որ Վրաստանում այլևս գոյություն չունի ընտրությունների ինստիտուտը… Նրանք կարծում են, որ վրաց ժողովուրդն ամեն ինչ կների. մենք չենք պատրաստվում ոչինչ համբերել: Նրանք կարծում էին, որ ժողովուրդը չի պայքարի: Այսօր մենք տեսանք, որ ժողովուրդը խաղաղ, հետևողական և ժպիտով պայքար է վարում, սակայն մենք երբեք չենք հանձնվի, մենք երբեք ետ չենք վերադառնա»,-հայտարարել է Սահակաշվիլին:

Նախկին նախագահը, ով գրեթե մեկ տարի է բնակվում է Նիդերլանդներում, խոստացել է վերադառնալ հայրենիք, երբ վրաց ժողովուրդը նրան ետ կկանչի:

«Մեզ մոտ ամեն ինչ կստացվի, մեր պայքարն անպայման կավարտվի ամբողջական հաղթանակով: Այս պայքարում ես, իհարկե, ձեզնից մեկն եմ: Ես որևէ հատուկ դերի հավակնություններ չունեմ: Բայց ուզում եմ իմանաք, այն պահին, երբ դուք կունենաք իմ կարիքն ու կկանչեք ինձ, ես անմիջապես կհայտնվեմ ձեր, ձեր առաջնորդների, մեր երիտասարդության կողքին: Ավելի լավ է ես մեռնեմ, քան հանձնվեն այս անարդարությանը, ավելի լավ է ես անհետանամ, քան տեսնեմ՝ ինչպես են ոչնչացնում իմ հայրենիքը, և ես վստահ եմ, որ մեզնից յուաքանչյուրն այսպես է մտածում: Վրաստանն ունի մեծ ապագա»,-հայտարարել է Սահակաշվիլին:

Միավորված ընդդիմությունն իշխանություններին վերջնաժամկետ է ներկայացրել մինչև դեկտեմբերի 16-ը, որն ընտրությունների երկրորդ փուլում հաղթած Սալոմե Զուրաբիշվիլիիի երդմնակալության օրն է:

Համամասնական խորհրդարանական արտահերթ ընտրությունների հետ մեկտեղ ընդդիմադիրները պահանջում են ընտրական համակարգի լայնամասշտաբ բարեփոխումներ, այդ թվում տարածքային ընտրական հանձնաժողովների վերացում: Բարեփոխումների իրագործման և «ճգնաժամից ելքեր գտնելու» համար ընդդիմությունն իշխանություններին առաջարկում է նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ ստեղծելով համատեղ աշխատանքային խումբ:

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ի արդյունքների համաձայն՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցության կողմից առաջադրված Զուրաբիշվիլին ընտրությունների երկրորդ փուլում հավաքել էր ձայների 59,52%-ը: Նրա մրցակից՝ «Միավորված ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեն՝ 40,48%-ը: Այդպիսով՝ Վաշաձեն հավաքել է գրեթե 800 հազար ձայն, ինչն աննախադեպ արդյունք է ընդդիմադիր քաղաքական գործչի համար անկախացումից ի վեր Վրաստանի ողջ պատմության ընթացքում՝ չնայած «Միասնությունն ուժ է» միավորումը համոզված է, որ ավելի 100 հազար ձայն գողացվել է իրենց թեկնածուից:

news.am



Նման նյութեր