Հայաստանում առաջին անգամ հնչեց Բրուքների «Ռեքվիեմ»-ը՝ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգի շրջանակում: Ինչպես տեղեկացրին պետական կամերային երգչախմբի ազգային կենտրոնից, ստեղծագործությունը դեկտեմբերի 2-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացված համերգին ներկայացրին Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը:
Երեկոյի ընթացքում երաժշտախմբերը ելույթ ունեցան ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:
Որպես մենակատարներ հանդես եկան Իրինա Զաքյանը (սոպրանո), Գրետա Բագիյանը (մեցցո սոպրանո), Արամո Մամիկոնյանը (տենոր), Կիմ Սարգսյանը (բաս):
«Ավստրիացի կոմպոզիտոր Անտոն Բրուքների «Ռեքվիեմ»-ն առաջին անգամ էր կատարվում Հայաստանում: Այն Բրուքների առաջին մեծածավալ գործն է: Չգիտեմ, թե ինչու այն Հայաստանում չէր հնչել: Մենք որոշեցինք, որ մեր ունկնդիրը պետք է անպայման իմանա այս ստեղծագործությունը: Հոյակապ գործ է, շատ ուրախ եմ, որ կարողացանք այն ներկայացնել: Հուսով եմ, որ հանդիսատեսը ցանկություն կհայտնի, որ այն կրկին հնչեցնենք»,-նշեց ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:
Սոպրանո Իրինա Զաքյանն էլ հույս հայտնեց, որ հանդիսատեսին «Ռեքվիեմ»-ը դուր է եկել, քանի որ այս ստեղծագործության մեջ, ըստ երգչուհու, ջերմություն կա:
Համերգային երեկոյին ներկայացվեցին նաև Թոմազո Ալբինոնիի Ադաջիո, Սեմյուել Բարբերի Ադաջիո լարայինների համար, Անտոն Բրուքների Ավե Մարիա ստեղծագործությունները:
Դեկտեմբերի 7-ին էլ Գյումրու Սև բերդում կներկայացվի Մոցարտի «Ռեքվիեմ»-ը: Միջոցառումը նվիրված է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Համերգի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը , Հայաստանի պետական կամերային և Տիրամայր Հայաստանի երգչախմբերը, «Գոհար» երգչախմբի արական կազմը և Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ երաժիշտները: Համերգի ընթացքում երաժշտախմբերը հանդես կգան դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: