Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ավագանուն և Գեղարքունիքի մարզպետին հրաժարականի դիմում է ներկայացրել Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Հարությունյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Զարոյանը, ողջ աշխատակազմի, Վարդենիս համայնքի բնակչության համար կատարյալ անակնկալ է եղել Արամ Հարությունյանի հրաժարականը, որը հայտնի է դարձել միայն այսօր առավոտյան:
«Հրաժարականի մասին իմացել ենք միայն այսօր առավոտյան, աշխատանքի գալուց հետո: Դիմումները ներկայացված են ավագանու և Գեղարքունիքի մարզպետի անուններով, որոնցում որպես հրաժարականի հիմնական պատճառ նշված է ընտանեկան դրությունը: Վաղը հրավիրված ավագանու նիստում քննության կառնվի համայնքի ղեկավարի դիմումը: Ամեն դեպքում, մեզ այդ հրաժարականի մասին որևէ լուրջ պատճառ հայտնի չէ: Եթե Արամ Հարությունյանը ետ չվերցնի հրաժարականի դիմումը, ապա մեզ մնում է սպասել ՀՀ կառավարության որոշմանը և շարժվել օրենքով սահմանված կարգով»,- ներկայացրեց Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Արամ Հարությունյանը Վարդենիս համայնքի ղեկավար է ընտրվել 2017 թվականի նոյեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում և պաշտոնավարել 1 տարի:
Հիշեցնենք, որ Վարդենիս համայնքի վարչական կազմում են ընդգրկված Վարդենիս քաղաքը, Այրք, Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերը: