«Այբ» կրթական հիմնադրամի և Մոսկվայի նորարարությունների գործակալության միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր: Ինչպես տեղեկացրին «Այբ» հիմնադրամից, համաձայնագրի շրջանակում կողմերը պայմանավորվել են համագործակցել կրթության ոլորտում նորարարական մեթոդների ներդրման ու ժամանակակից քաղաքների զարգացմանն անհրաժեշտ նոր տեխնոլոգիական լուծումների համատեղ մշակման, երիտասարդ մասնագետների վերապատրաստման ուղղությամբ՝ կիրառելով «Այբ»-ի փորձառությունը նորարար տեխնոլոգիաների ոլորտում։
«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանն իր խոսքում նշել է, որ Մոսկվայի նորարարությունների գործակալությունը զբաղվում է կրթության մեջ ամենաժամանակակից լուծումները գտնելով, մշակելով և ներդնելով, և համագործակցության շրջանակում կողմերը փորձելու են հետաքրքիր կապ ստեղծել տեխնոլոգիական ու կրթական ոլորտների և իրական բիզնես միջավայրի միջև։
«Ուրախ ենք, որ այն փորձառությունը, որը մենք կուտակել ենք տարիների ընթացքում՝ կրթական տարբեր նախագծեր իրականացնելով և հատկապես «Այբ» դպրոցն ու դպրոցում դասավանդվող «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիրը ստեղծելիս ու զարգացնելիս, այսօր հասել է այն փուլին, երբ մենք կարող ենք այն հասանելի դարձնել նաև Հայաստանից դուրս՝ այլ հաստատությունների համար։ Մեզ իրապես փոխշահավետ և հեռանկարային համագործակցություն է սպասում», – ասել է Սոնա Կոշեցյանը։
Իր հերթին Մոսկվայի նորարարությունների գործակալության գործադիր տնօրեն Ալեքսեյ Պարաբուչևը կարևորել է երկու կառույցների միջև համագործակցության մեկնարկը՝ ընդգծելով, որ գործակալությունը պարբերաբար վերադառնում է կրթության ոլորտում նորարարական զարգացումը խթանող մոդելներ գտնելու թեմային։
«Այն, ինչ մենք փնտրում էինք, գտել ենք «Այբ» դպրոցում, որը մեծ առաջընթաց է գրանցել։ Այստեղ կա հսկայական փորձ, որը դպրոցը պատրաստ է տարածելու։ Մեր համագործակցությունը կարող է լինել բազմազան․ մենք կարող ենք միավորել առարկայական և գործնական գործունեությունը, որին ականատես եղանք դպրոցի ֆաբլաբում, ինչպես նաև ձեր փորձը՝ բիզնեսի համար որոշակի առարկայական խնդիրներ լուծելու համար, օրինակ՝ «Տեխնոգրադ» նախագծի ձևաչափի շրջանակում», – պարզաբանել է Ալեքսեյ Պարաբուչևը։
Գործակալության տնօրենը նաև նշել է, որ «Այբ»-ի հետ մշակված նոր լուծումները կներդրվեն Մոսկվայում և հետագայում հասանելի կլինեն նաև այլ քաղաքներում։