Հռոմի ամենատեսարժան վայրերից մեկում` Բորգեզի այգում, կտեղադրվի հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի արձանը: Այս մասին դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը:
«Թումանյանը հայ մշակույթը ներկայացնող մեծանուն գրող է, և շուտով նշվելու է նրա 150-ամյա հոբելյանը»,- շեշտեց Գալստյանը:
Նրա խոսքով` Բորգեզի այգին աշխարհի ամենագեղեցիկ և կարևոր նշանակություն ունեցող վայրերից է, ուստի, Թումանյանի այնտեղ տեղադրվող քանդակը չափազանց լավը պետք է լինի:
Անդրադառնալով արձանի հեղինակի ընտրությանը` Գալստյանն ասաց, որ ՀՀ մշակույթի նախարարությունը դեռ պետք է հասկանա, թե որքան գումար է հատկացվելու քանդակի ստեղծմանը, այնուհետև կհայտարարվի մրցույթ:
«Ցանկալի է, որ հեղինակը հայ լինի և ներկայացնի մեր մշակութային պոտենցիալը: Վստահ եմ, որ մենք ունենք լավ քանդակագործներ»,- եզրափակեց նա: