Դեկտեմբերի 2-ի առավոտյան իսրայելական ոստիկանության կողմից նախաձեռնված «Սպանելու արտոնագիր» անվանումը ստացած հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել են երկրի տարբեր առողջապահական հիմնարկներում աշխատող 40 բժիշկներ, դեղագետներ, ստաժորներ՝ կեղծ դիպլոմներ ձեռք բերելու մեղադրանքով: Նույն օրը Նազարեթ քաղաքի դատարանը վճռել է երկարաձգել ձերբակալվածների նախնական կալանքի տևողությունը:
Բոլոր կասկածյալներն իսրայելցի արաբներ են, նրանք ունեցել են ՀՀ ոչ պետական բուհերի՝ «Հայբուսակ», «Սուրբ Թերեզա», «Ավանդական բժշկության» համալսարանների դիպլոմներ. ըստ իսրայելական ոստիկանության՝ այդ փաստաթղթերը ձեռք են բերվել զարտուղի ճանապարհով՝ ուսումնական գործընթացին ոչ լիարժեք մասնակցության արդյունքում: Պարզաբանման համար հարկ է ընդգծել, որ բավական հնչեղ «Սպանելու արտոնագիր» կոդային անվանումը վերաբերում է ոչ թե հայաստանյան դիպլոմներին, այլ Իսրայելի ԱՆ-ի կողմից տրամադրված արտոնագրերին՝ չնայած ԶԼՄ-ների հրապարակած տեղեկատվական բնույթի նյութերի գլխավոր նկարը հենց «Հայբուսակ» համալսարանի ենթադրյալ դիպլոմն է եղել:
Կարելի է ենթադրել, որ քրեական գործի գաղտնի հետքաննությունը մեկնարկել էր դեռևս 2017թ. սկզբին՝ Իսրայելի արաբ ատամնաբույժների ասոցիացիայի նախագահ Ֆ. Հասանի(անձի ինքնությունը բացահայտվել է ավելի ուշ) կողմից ԱՆ ուղարկված անանուն նամակի հիման վրա՝ նրա՝ իսրայելցի արաբների Բարձրագույն դիտորդական խորհրդի պատվիրակության կազմում Մոլդովա այցելությունից և անցկացրած հանդիպումներից հետո. հենց այդ ժամանակ է առաջին անգամ բարձրաձայնվել կեղծ դիպլոմների թեման: Արդյունքում Իսրայելի ԱՆ-ն տարածել էր իրազեկում առ այն, որ հայաստանյան բուհերի շրջանավարտների հավաստագրումը կարող է ձգվել տևական ժամանակով: Զուգահեռաբար, Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալու նպատակներ ունեցող երիտասարդներին առաջարկվել էր վերանայել որոշումը, քանի որ հայաստանյան բուհերից ստացված դիպլոմները կարող են չճանաչվել Իսրայելում:
Շրջանավարտների ամենաառարկայական հակափաստարկն էլ այն էր, որ երբ իրենք մեկնում էին Հայաստան, տվյալ ժամանակաշրջանում ԱՆ-ն ճանաչում էր այդ երկրի բուհերի տրամադրած դիպլոմները: Ի պատասխան՝ Իսրայելի ԱՆ-ն հայտարարել էր. «Յուրաքանչյուր դեպք դիտարկվում է առանձին ձևաչափում, քանի որ իրականացնելով սեփական պարտավորությունները և մտահոգվելով բնակչության առողջության համար՝ նախարարությունը պետք է վստահ լինի, որ բժշկության ոլորտում պրակտիկ գործունեություն ծավալող անձինք իրոք ստացել են անհրաժեշտ կրթություն: Ավելի ու ավելի նոր ապացույցներ են ստացվում առ այն, որ հայաստանյան տարբեր բուհերում առկա ուսումնական ծրագրերը ձևական են, հետևաբար դրանց կողմից տրամադրվող դիպլոմները ևս ձևական են»:
Իսկ արդեն 2017թ. մայիսին իսրայելական մի շարք լրատվամիջոցներ հաղորդեցին, որ, չնայած երկրում առկա բժշկական ոլորտի մասնագետների շոշափելի պակասին, ԱՆ-ը Հայաստանի բժշկական բուհերում կրթություն ստացած 100-ավոր իսրայելցի մասնագետների չի թույլատրում աշխատանքի անցնել երկրի բժշկական հիմնարկներում։ Պաշտոնական պարզաբանումը հետևյալն էր՝ հայկական բուհերում «դասավանդումը ցածր որակի է»:
Քրեական գործի հետաքննության նախնական արդյունքների համաձայն՝ կասկածյալների որոշ մասը հայաստանյան մի շարք բուհերի(ոչ պետական Ա.Պ.) կեղծ դիպլոմները ձեռք են բերել միջնորդի աջակցությամբ՝ որոշակի գումարի դիմաց՝ ուսումնառության ընթացքում հանդիպելով որոշակի խնդիրների: Ապա Իսրայելի ԱՆ են ներկայացրել այդ դիպլոմները և հանձնելով արտասահմանյան բուհերի շրջանավարտների համար նախատեսված քննությունները՝ ստացել են բժշկության ոլորտում գործելու արտոնագիր և աշխատանքի անցել անգամ մի շարք խոշոր առողջապահական հիմնարկներում:
Ավելի ուշ հայտնի դարձած նոր մանրամասների համաձայն՝ կեղծվել են ուսման վայրի, լսված դասաժամերի, ուսումնասիրված առարկաների, ստացված գնահատականների վերաբերյալ փաստաթղթերը, ընդ որում, որոշները մասնակիորեն, որոշները՝ ամբողջությամբ. բայց և այնպես, ոստիկանության պնդմամբ՝ ակադեմիական աստիճանը կրթության արդյունքներով կեղծվել է բոլոր դեպքերում:
Պարզվել է, նաև որ գործել է հանցավոր խմբավորում Արա մականունով ոմն երիտասարդ սիրիացու գլխավորությամբ. ընդ որում, խմբավորումը կապեր է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև՝ Գազայում, Մոլդովայում, Ռումինիայում և այլն: Կեղծարարներն առաջարկել են Իսրայելում, Հորդանանում, արևելաեվրոպական երկրներում իրենց ուսումնառության ընթացքում դժվարություններ ունեցող ուսանողներին շատ արագ ավարտել համալսարանը և ստանալ համապատասխան դիպլոմ. այս տրամաբանությամբ ընդամենը 2-3 տարվա «ուսումնառությունից» հետո և 15 հազար եվրո առձեռն գումարի դիմաց տրամադրվել են հայկական բուհերի կեղծ դիպլոմներ:
Ենթադրվում է, որ, գործին առնչվում են, ընդհանուր առմամբ, 217 կեղծված դիպլոմներ:
Հարկ է նշել, որ խնդիրը լայնորեն արծարծվեց նաև հայկական լրատվադաշտում. դեռևս 2017թ. մայիս-հունիս ամիսներին Հայաստանի ԿԳՆ-ն պատրաստակամություն էր հայտնել՝ հետաքննություն իրականացնելու, իսկ իսրայելական լրատվամիջոցներից մեկին հարցազրույց տված ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հանգամանալից կերպով փաստարկել էր, որ ԵՊԲՀ-ն նման մեղադրանքների հետ որևէ առնչություն չունի. հայկական կողմի պաշտոնական պարզաբանումներում նաև իրավացիորեն շեշտվել էր, որ այդօրինակ հրապարակումները ստվերում են ոչ միայն Հայաստանի կրթական համակարգն, այլև երկրի հեղինակությունն ընդհանրապես:
Նշվածի համատեքստում, հայկական կողմի համար հույժ կարևոր է սեփական կրթության բարիհամբավը վերականգնելուն միտված հետևողական քայլերը, քանի որ առավելապես տուժում էհատկապես օտարերկրյա ուսանողների շրջանում ամենամեծ հեղինակությունն ունեցող ԵՊԲՀ-իհեղինակությունը, որի հետ բարձրացված աղմուկը որևէ ուղիղ կապ բացարձակապես չունի: Բացի այդ կարևոր փաստական հանգամանք է նաև այն իրողությունը, որ չնայած կեղծ դիպլոմների վերաբերյալ տեղեկատվությանը՝ Իսրայելի Ան-ն բժշկությամբ զբաղվելու արտոնագիր է տրամադրել ՀՀ բուհերն ավարտած տասնյակ քաղաքացիների, ինչը նշանակում է, որ նախ Հայաստանում սովորած մասնագետներից շատերը ստացել են որակյալ կրթություն, իսկ հակառակ դեպքում՝ կոռուպցիոն ռիսկեր կան հենց Իսրայելի ԱՆ համակարգում:
Մյուս կողմից, կարելի հանդես գալ նաև Իսրայելի իրավապահների հետ համատեղ հետաքննություն անցկացնելու առաջարկով՝ նախ այդ երկրում ևս առկա մի շարք կասկածելի հանգամանքեր հստակեցնելու նպատակով, ինչպես նաև՝ հետևողականորեն պատժելու բոլոր այն անձանց, ում մեղքը կապացուցվի դատական գործընթացի արդյունքում. ի վերջո վտանգված է ՀՀ կրթական ոլորտի միջազգային համբավն ընդհանրապես: