«Ինչպես կարելի է Արամ Ասատրյանին համեմատել Կոմիտասի, Արամ Խաչատրյանի հետ, դա անընդունելի է: Իսկ եթե հարցին հումորով մոտենանք, ապա կարող եմ ասել` եթե փողոցը կարճ է, ապա կարող են կոչել Արամ Ասատրյանի անունով»,- Asekose.am-ին ասաց երգիչ Արթուր Իսպիրյանը`անդրադառնալով Արտաշ Ասատրյանի անունով Էջմիածնում փողոց անվանելուն, ինչպես նաև Արտաշ Ասատրյանի հնչեցրած մտքին, որի համաձայն` իր հայրը ոչնչով չի տարբերվում Շառլ Ազնավուրից, Կոմիտասից, Մոնթեից, Արամ Խաչատրյանից և այլ մեծություններից:
Արթուր Իսպիրյանի կարծիքով` կան ավելի արժանի մարդիկ, որոնց անուններով կարելի է փողոցներ կոչել.
«Շատ արժանի մարդիկ կան, որոնց անուններով փողոցներ չկան: Եթե Էջմիածնի քաղաքապետարանը և քաղաքապետն են նման որոշում կայացրել, ապա մենք դրան ենք արժանի: Եթե այդ քաղաքապետին է արժանի ժողովուրդը, ուրեմն` արժանի է նաև այդ որոշմանը: Ես չեմ կարծում, որ այլ քաղաքապետի դեպքում նման որոշում չէր լինի, այս խնդիրն իրականում շատ ավելի խորն է: Իսկ այս պարագայում չեն կարողացել ոչ ասել քաղաքապետի որոշմանը, երևի, միաձայն ընդունվել է»:
Դիտարկմանը, որ Արամ Ասատրյանը բավական սիրված էր հատկապես իր հարազատ քաղաքում, ինչպես նաև շատերի պնդմամբ` 90-ականներին մարդկանց ուրախություն պարգևողներից մեկն էր, Արթուր Իսպիրյանն ասաց. «Փաստ է, որ ժողովուրդը սիրում էր Արամ Ասատրյանին, իր արվեստը գնահատող խավ կար, բայց ես հաստատ այդ խավից չեմ եղել ու չեմ էլ լինի, երբեք չեմ հասկացել այդ երաժշտությունը, որքան էլ որ անձամբ ճանաչել և շփվել եմ նրա հետ: Մենք ճանաչում էինք միմյանց, հանդիպել էինք թե այստեղ, թե Միացյալ Նահանգներում: Բոլորն էլ գիտեին նրա հումորի մասին, նրան որպես մարդ բոլորն էլ գովում էին. նա շատերին է լավություն արել»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: