Աննա Հակոբյանի գրասենյակն ամփոփել է յոթ ամսում իրականացրած աշխատանքները
Advertisement 1000 x 90

Աննա Հակոբյանի գրասենյակն ամփոփել է յոթ ամսում իրականացրած աշխատանքները

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակը ներկայացրել է Աննա Հակոբյանի իրականացրած աշխատանքների ամփոփ հաշվետվությունը:

Ինչպես տեղեկացրին Աննա Հակոբյանի գրասենյակից, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը գործունեության յոթ ամսվա ընթացքում իրականացրել է հասարակական, առողջապահական, բարեգործական և մշակութային ուղղվածության մի շարք աշխատանքներ, որոնք ամփոփ կերպով ներկայացնում ենք սույն հաշվետվության մեջ:

Ըստ այդմ, տիկին Հակոբյանն ուղեկցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արտասահմանյան այցերի ժամանակ՝ Վրաստան (30.05.2018 – 31.05.2018թթ.), Ռուսաստանի Դաշնություն (13.06.2018 – 14.06.2018թթ.), Ֆրանսիայի Հանրապետություն՝ Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը (05.10.2018 – 06.10.2018թթ.), Լիբանան (20.10.2018 – 21.10.2018թթ.) և Փարիզ (10.11.2018 – 11.11.2018թթ), տվել մի քանի տասնյակ հարցազրույցներ տեղական և միջազգային լրատվամիջոցներին, հանդիպել հայ մտավորականների, հասարակական ականավոր գործիչների, քաղաքացիների հետ:

Հունիսի 11-ին Աննա Հակոբյանը հանդես եկավ հորդորով՝ դատարկ բնակարանները ժամանակավորապես տրամադրել անապահով ընտանիքներին:

«Սիրելի′ ժողովուրդ, Հայաստանում և այլ երկրներում բնակվող բարեսիրտ քաղաքացիներ, ես ամեն օր ստանում եմ սատարման տասնյակ խնդրագրեր, որոնց մի մասը հնարավոր է լուծել միայն բարի կամքի դրսևորման շնորհիվ: Այս առիթով դիմում եմ իմ այն հայրենակիցներին, որոնք Երևանում կամ Հայաստանի որևէ այլ բնակավայրում ունեն դատարկ բնակարաններ և պատրաստ են ժամանակավորապես՝ առնվազն մի քանի ամսով, տրամադրել սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքների՝ ազատելով նրանց վարձ վճարելու բեռից: Չեմ խուսափի իմ անձնական երաշխիքը տալ, որ այդ հյուրընկալումը կլինի իսկապես ժամանակավոր, մինչև բնակարանն ազատելու՝ տանտիրոջ պահանջը»,- իր ելույթում ասել է Աննա Հակոբյանը: Այդ կոչին արձագանքել են բազմաթիվ մարդիկ և ներկա դրությամբ 5 ընտանիքներ անվարձահատույց ապահովվել են ժամանակավոր կացարաններով: Ընտանիքներից մեկն էլ այսօր բնակվում է վարչապետի բնակարանում: Բացի այդ, բիզնես ոլորտի գործընկերների շնորհիվ օգնություն է տրամադրվել 10 անապահով ընտանիքների մեկ տարվա բնակվարձի փոխհատուցման չափով: Ապագայում նախատեսվում է լուծել այս ընտանիքների մասնագիտության ստացման և աշխատանքի տեղավորման հարցերը:

Ամբողջությամբ՝ armenpress.am