Հայաստանի ռազմաօդային ուժերը զրկվեցին մեկ գրոհիչից։ Փոքր ավիացիայի համար Սու 25-ի կորուստը լուրջ կորուստ է, եթե հաշվի առնենք, որ դրանք, ընդհանուր առմամբ 15-ն էին։ ՀՀ ՌՕՈՒ-ն նաև ՄիԳ 25 ունի։
Հայկական բանակի ռազմական ինքնաթիռներն այսքանն են։ Այդ մեքենաները նոր չեն, թեև զգալի մոդեռնիզացման հնարավորություն ունեն։
Անկասկած, հետաքննությունը թույլ կտա պարզել ողբերգության ստույգ հանգամանքները։ Մեծ հավանականությամբ կարելի է ասել, որ պատճառը կարող էր լինել տեխնիկական անսարքությունը կամ ղեկավարման սխալը։
Հիմա Սու 25 ունեն նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր երկրները, իսկ տարբեր տարիներին դրանք մատակարարվել ու շահագործվել են մի շարք եվրոպական, ասիական ու աֆրիկյան պետություններում։
«Գրաչերը» լավ են իրենց ցուցադրել Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի սիրիական գործողության ժամանակ` կենտրոնացած հարվածներ հասցնելով ահաբեկիչների դիրքերին, կառավարման կետերին ու պահեստներին։ Թեև այստեղ էլ չի հաջողվել խուսափել ողբերգությունից։ Այս տարվա փետրվարին շարժական զենիթահրթիռային համակարգի օգնությամբ գրոհայինները կործանել էին Սու 25-ը։ Օդաչուն կատապուլտվել էր, բայց մահացել էր ահաբեկիչների հետ մարտի ժամանակ։
Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի խոսքով` հայկական «Գրաչների» տեխնիկական վիճակն այսօր, մեղմ ասած, միջին է։ Վաղուց հիմնանորոգում չի արվել, ավելին` մեքենաները հիմա ոչ միայն լուրջ նորոգման, այլև ամբողջական մոդեռնիզացման կարիք ունեն։ Հաշվի առնելով համեստ ֆինանսական հնարավորությունները, անհայտ է` երբ այդ խնդիրը կլուծվի։
«Այդ ինքնաթիռների էլեկտրոնիկան անհույս վիճակում է։ Եթե խոսում ենք այսօրվա ողբերգության մասին, ապա ռադիոլոկացիոն կայանի ու արբանյակային նավիգացիայի բացակայությունը նույնպես կարող էր ողբերգության հանգեցնել։ Ինքնաթիռներն ամեն դեպքում պետք է նորացնել»,- ասաց Ներսիսյանը։
«Ամենայն հավանականությամբ, գրոհիչը սարի է բախվել։ Նման վթարներ հաճախ չեն տեղի ունենում։ Հուսով եմ` սև արկղերը կրիտիկական վիճակում չեն ու թույլ կտան պարզել տեղի ունեցածի պատճառները»,- ավելացրեց նա։
Ներսիսյանը կարծում է, որ եթե տեխնիկական գործոնը հետ մղվի, ապա միակ տարբերակը կմնա կառավարման սխալը։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am