Կարդում եմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական գիրքը: Զգացողությունն այնպիսին է, ասես մի ամբողջ սերնդի ինքնակենսագրություն է… չէ՛, 20-րդ դարի երկրորդ կեսի և 21-րդ դարասկզբի հայի կենսագրություն՝ անհոգ մանկություն, ուսում, աշխատանք, Ղարաբաղ, պատերազմ, Անկախ Հայաստան: Դրանք էլ հենց գրքի երեք մասերն են՝ 1. Խաղաղ կյանք, 2. Ղարաբաղ, 3. Հայաստան: Եվ եթե առաջին մասում հեղինակը սոսկ իր սեփական ճակատագրի կերտողն ու պատասխանատուն է, ապա հաջորդ երկու մասերում նրա ուսերին է դրված հսկայական բեռ՝ հաղթել Արցախյան ազատամարտում և ոտքի կանգնեցնել Հայաստանի տնտեսությունը: Պատմականորեն դժվարին փուլերում առաջնորդ լինելը տրված չէ ամեն մարդու. եզակիներն են ընդունակ ստանձնելու նման պատասխանատվություն: Այդ մեկը մեր պատմության բեկումնային մի ժամանակահատվածում դարձավ Ռոբերտ Քոչարյանը, և այդ ճանապարհի մասին է պատմում իր ինքնակենսագրական գրքում:
Միանգամից ասեմ, որ չի ստացվում սովորականի նման ընթերցանությունն առաջին էջից սկսել, քանի որ բովանդակությանը աչք գցելուց հետո սկսում ես բացել համապատասխան էջը՝ շտապելով տեղեկանալ ԼՂՀ կարգավորման շուրջ բանակցությունների, Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի, ՀՀ և տարբեր երկրների նախագահների ու քաղաքական գործիչների փոխհարաբերությունների, 1998 և 2003 թվականների նախագահական ընտրությունների և բազմաթիվ նման «գաղտնիքների» մասին բացահայտումներին: Ուզում ես ամեն ինչ րոպե առաջ իմանալ, և անընդհատ էջից էջ ես թռչում, մանավանդ որ ոչի՛նչ անտեսված չէ, ոչի՛նչ շրջանցված չէ:
Ու մեկ էլ գիտակցում ես, որ կատարված իրադարձության մասին նոր բան իմանալու ձգտումից զատ, գրքից չես կարողանում կտրվել այն պարզ պատճառով, որ ուղղակի հաճույքով ընթերցում ես: Անպաճույճ, անսեթևեթ, միաժամանակ խորն ու գործի լիակատար իմացությամբ շարադրված գիրքը մեծ չափով գրավում է նաև նրանով, որ քո երկրում կատարված իրադարձությունները սկսում ես դիտարկել մեկ այլ տեսանկյունից… որոշում կայացնող մարդու տեսանկյունից:
Հասարակությունն է ցանկացած որոշման կրողը. բայց ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում, ի՞նչ իրողությունների և հանգամանքների հաշվարկմամբ են կայացվել պետական կարևորության որոշումները՝ խորությամբ չենք իմանում այնքան ժամանակ, քանի դեռ որոշում կայացնողն ինքը չի ներկայացնում տվյալ պահի իրավիճակը: Ահա այս գրքի իրական արժեքը՝ հենց մեր կյանքին առնչվող որոշումների խորագաղտնիքների բացահայտումը: Ընդ որում, տեքստից անգամ զգացվում է Ռոբերտ Քոչարյանի բնավորությունը. առկա են միայն փաստեր՝ առանց սենտիմենտալ արդարացումների, առանց «հետին խելքի» սրբագրումների, առանց ավելի լավն ու կատարյալը երևալու ծածուկ ցանկության, առանց ավելորդ համեստության կամ գոռոզամտության: Մարդը կատարել է իր ստանձնած գործը և ներկայացնում է կատարածը:
Ի թիվս բազմաթիվ հայտնի իրադարձությունների մասին տեղեկությունների, անչափ հետաքրքիր են նաև երկար ժամանակ առաջին դեմք եղած մարդու գնահատականները սեփական աշխատաոճի, իշխանական և հետիշխանական շրջանների մասին:
«Իմ չափազանց լուրջ վերաբերմունքը տվածս խոստումների առումով՝ վերացնում էր պոպուլիզմի և դեմագոգիայի բոլոր ճանապարհները: Խոսք տալ, պայմանավորվել անել ինչ-որ բան և դա չկատարել՝ ինձ համար խստագույնս անընդունելի էր: Ես գտնում էի, որ միշտ պետք է խոստանալ ավելի քիչ, քան ի վիճակի ես անել: Երևի այդ պատճառով էլ իմ խոսքն ու հարցազրույցները միշտ եղել են ազնիվ, հստակ ու զուսպ… երբեմն երևի չափից ավելի զուսպ»: (Մաս 3, գլուխ 20):
1997թ. Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկով Հայաստանի վարչապետ դառնալն այնքան էլ հեշտ որոշում չի եղել Ռ.Քոչարյանի համար. «Ես հասկանում էի, որ բախվելու եմ բազմաթիվ պրոբլեմների: Առաջինը՝ ես վատ գիտեի Հայաստանը: Երկրորդը՝ երբեք չէի խառնվել Հայաստանի քաղաքական գզվռտոցներին և բացարձակապես գլուխ չէի հանում դրանցից: Երրորդը և շատ կարևորը՝ վատ էի տիրապետում գրական հայերենին: …Դա ինձ համար լրջագույն պրոբլեմներից մեկն էր՝ գնում ես ղեկավարելու կառավարությունը մի երկրում, որի լեզվով ոչ միայն դժվար ես կարդում ու գրում, այլ անգամ դժվար ես խոսում»: (Մաս 3. Գլուխ 11/):
Երևի աշխարհի շատ էքս-նախագահներ կհամաձայնեն Քոչարյանի հետևյալ մտքի հետ. «Երբ դու շատ մեծ ղեկավար ես, քեզ թվում է, թե դու անսխալ կռահում ես ամեն մեկի էությունը: Անկեղծ հավատում ես քո խորաթափանցությանը, ինչը բարձրացնում է ինքնագնահատականդ: Ո՜նց չէ… Դու հաճախ մարդկանց տեսնում ես այնպիսին, ինչպիսին նրանք են ուզում քո աչքին երևալ: Շրջապատողներդ քեզ շատ ավելի լավ գիտեն, քան դու ինքդ: Դու մեկն ես, նրանք՝ հարյուրներ, և նրանք քեզ ավելի լավ են զգում, որովհետև դրանից է կախված նրանց բարեկեցությունը: …Քեզ համար կարևոր է, որ նրանք կատարեն իրենց աշխատանքն այնպես, ինչպես դու ես պահանջում: Արդյունքում ստացվում է, որ շատերը հիանալի հարմարվում են քո պահանջներին և իրենց գործն իրոք լավ են անում: Բայց պարզվում է, որ քո կարծիքը նրանց մարդկային որակների մասին իրականությունից շա՜տ հեռու է»:(Մաս 3. Գլուխ 23):
Արդեն տպագրության փուլում գտնվող գրքին ավելացվել են երկու հետգրություններ: Առաջինը ( 20 հունիսի 2018թ.) արձանագրում է Հայաստանում կատարված «թավշյա հեղափոխությունը»՝ մտահոգություն հայտնելով Արցախի և Հայաստանի անվտանգության կապակացությամբ, և հուսալով, որ հեղափոխական պոպուլիզմը հնարավորինս շուտ կփոխակերպվի կառուցողական աշխատանքի:
Երկրորդ հետգրությունն ավելացված է արդեն հայտնի իրավական գործողություններից հետո՝ օգոստոս 30-ին:
P.P.S. – «Այն ամենն, ինչը մեզ հաջողվեց կառուցել Հայաստանում երկար տարիների ընթացքում, ինչի մասին գրել էի այս գրքում՝ նոր իշխանությունը կործանում է հետևողականորեն և էնտուզիազմով: Դարձյալ վտանգի տակ են և՛ Հայաստանի, և՛ Արցախի անվտանգությունը: Ես չէի պատրաստվում քաղաքականություն վերադառնալ: Կարծում էի՝ շրջել եմ այս պատմության վերջին էջը և վերջակետ եմ դրել: Բայց պարզվում է, որ երբեմն քաղաքականությունն ինքն է քեզ մոտ վերադառնում: Չգիտեմ, թե ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները, բայց ես պատրաստ եմ պայքարել, և գուցե այս գրքում նոր գլուխ ավելանա»:
Անկեղծ ասած, մեծ ամոթ եմ զգում ոչ այնքան Ռոբերտ Քոչարյանի դեմ սանձազերծված այս օրերի դատական ֆարսի համար, որքան մարդկային երախտամոռություն համար… 90-ականներից հետո մեր կյանքը հիշենք, Հայաստանում ապրած գիտակից հայրենակիցնե՛ր ջան, ոչ թե ենթարկվենք «20 տարի պետությունը քանդել են» մանիպուլյացիային: Ես հիանալի գիտեմ մեր ժողովրդի ծայրահեղացված համակրանքներն ու հակակրանքները, գիտեմ «ուրիշի աչքի փուշը» գերան դարձնելու սովորությունը, գիտեմ նաև, որ այս տողերը, և ընդհանրապես գիրքը, ամեն մեկն ընկալելու է ՀՀ երկրորդ նախագահի հանդեպ ունեցած իր անձնական վերաբերմունքի դիտանկյունից: Մեղմ ասած՝ յուրաքանչյուրի գործն է…
Ա՛յ, թե ինչպե՞ս կընդունվեր Ռ. Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքը ո՛չ այսօրվա անհասկանալի Հայաստանում, ով ինչ մեկնաբանություններ կաներ ու ինչ գնահատականներ կտար`չգիտեմ: Բայց անհերքելի է փաստը, որ սա Անկախ Հայաստանի և Արցախյան գոյամարտի պատմությունն է՝ շարադրված այդ պատմության կարևորագույն կերտողներից մեկի կողմից:
Լիա Իվանյան