Երկու փոքր քրիստոնյա ժողովուրդ, որոնք հայտնվել են մեծ գերտերությունների սևեռուն հայացքի տակ։ Այդ երկու ժողովուրդները պահպանել և պահպանում են իրենց հավատը։ Իսկ սերբերը նույնքան հավատարիմ են ընտանիքին և ընտանեկան արժեքներին, որքան հայերը։
Հայերը հայտնվել են Բալկաններում դեռ բյուզանդացիների օրոք։ Արդեն VI դարում հայկական ջոկատները բյուզանդական բանակի կազմում հասել էին այստեղ։ XIII դարում սերբական հողում ի հայտ է գալիս հայկական հուշարձան՝ հայտնի Վիտովնիցա մենաստանից ոչ հեռու։
«Այն գտնվել է մենաստանի հարևանությամբ՝ Օրեշկովաց գյուղում։ Հուշարձանը չի պահպանվել մինչև մեր օրերը, բայց մենաստանում մնացել է գրություն հին սլավոներենով և գրաբարով։ Գրությունն ուսումնասիրել են հայ մասնագետները․ վերծանել է Սիրարփի Տեր-Ներսիսյանը, ուսումնասիրել՝ պատմաբան Բարիկյանը», – պատմեց Բաբկեն Սիմոնյանը։
Սիմոնյանը գրող է, Սերբիայի ականավոր հետազոտող, հայերեն և սերբերեն գրքերի հեղինակ, Հայաստանում Սերբիայի պատվավոր հյուպատոսը։
Առաջին հայերը, որոնք հաստատվել են այստեղ, շինարարներ են եղել։ Նրանք եկել են սուրբ Սավվայի՝ սերբական հողի հովանավորի պատվերով։ 1320-ական թթ-ին Սավվան այցելել է Պաղեստին և արևելյան-քրիստոնեական հողեր։ Հետդարձի ճանապարհին նա եղել է Կիլիկյան Հայաստանում։
«Տեսնելով մեր ամրոցները և եկեղեցիները՝ սուրբ Սավվան շատ ուրախացել է քրիստոնյա ժողովրդի արվեստով և հմտություններով։ Նա իր հետ Սերբիա է տարել թթենու ճյուղ։ Տնկել է այն Պեչսկի պատրիարքարանի բակում։ Գրեթե 800 տարի է անցել, իսկ այդ ծառը մինչև հիմա բերք է տալիս։ Ինձ բախտ է վիճակվել տեսնել դա», – պատմում է Սիմոնյանը։
Մենք իզուր չենք խոսել այն մասին, թե ինչ է նշանակում սերբերի համար ընտանիքի և երկրի հանդեպ սերը։ Սուրբ Սավվան եղել է Ստեփան իշխանի կրտսեր որդին։ Երիտասարդ հասակում նա ճգնավոր է դարձել Աֆոն լեռան վրա։ Իսկ երբ նրա եղբայրների միջև գժտություն է ծագել իշխանության համար, Սավվան թողել է կացարանը և վերադարձել, որպեսզի հաշտեցնի նրանց։
«Ուխտագնացությունից վերադառնալուց հետո Սավվան հրավիրել է Կիլիկիայի հայ շինարարներին, որպեսզի նրանք օգնեն այստեղ կառուցել եկեղեցիներ։ Գերմանիայում նույնիսկ աշխատություն է հրատարակվել Մորավիայի (Չեխիայում գտնվող երկրամասից բացի, այսպես էր կոչվում նաև միջնադարյան սերբական պետություններից մեկը), այսինքն` կենտրոնական Սերբիայի եկեղեցիների շինարարության վրա հայկական ճարտարապետական ավանդույթների ազդեցության մասին։
Հայերը Բալկաններում ավելի են շատացան 1319թ-ի Անիի ավերիչ երկրաշարժից հետո։ Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանության վանականները գրել են այն մասին, որ քաղաքի մեծ թվով բնակիչներ են ժամանել Սերբիա։ Իսկ 1521թ-ին առաջին հայերը Անիից հայտնվել են Բելգրադում։ Նրանք եղել են Աբրոյան տոհմից, նրանց անվանել են «Բելգրադցի»: Նրանք հարգված և ազդեցիկ մարդիկ են եղել։ Ավելի ուշ նրանք միջոցներ են նվիրաբերել Էջմիածնի մայր տաճարին կից զանգակատան շինարարության համար։ Եվ, իհարկե, վերաբնակիչների նոր ալիքը ժամանել է Սերբիա Հայոց ցեղասպանությունից հետո», – պատմում է Սիմոնյանը։
Հեռավոր 1389թ-ին Մուրադ սուլթանի զորքերը շարժվում են դեպի սերբական հող։ Սուլթանի մոտ կռվել են նաև հայեր, որոշ աղբյուրներով՝ մոտ 5 հազար մարդ, ասում է Սիմոնյանը։
Եվ նույնիսկ թրքացած հայերը՝ ենիչերիները, իմանալով, որ նրանք պետք է կռվեն քրիստոնյա ժողովրդի դեմ, լքել են թուրքերի շարքերը և անցել սերբ Լազար իշխանի կողմը։
Այդ ժամանակ կառուցվել է Երմենիչ մենաստանը։ Մի հավատալիքի համաձայն, այն կառուցել են զինվորները, մյուսի համաձայն՝ վանականները։ Այն չի պահպանվել նախնական տեսքով։ Թուրքերը մի քանի անգամ ավիրել են մենաստանը, իսկ սերբերը՝ ամեն անգամ վերականգնել են։ Այն կանգուն է մինչև հիմա։ Այստեղ տոներին գալիս են աղոթելու հարևան Սոկոբայա քաղաքի բնակիչները։ Հատկապես հուլիսի 26-ին՝ Գաբրիել հրեշտակապետի տոնին։ Այդ հեռավոր տարիներից Սերբիայում պահպանվել է Էրմենկա կնոջ անունը։
1915թ-ից հետո հայերը տեղափոխվել են Սերբիա, որը շուտով միավորվել է Հարավսլավիայի կազմում։ Հայերը հիմնականում բնակություն են հաստատել Սերբիայում և Մակեդոնիայում։
«Այստեղ միշտ եղել են հայտնի վարպետներ, ոսկերիչներ, բժիշկներ, ինչպես նաև քաղաքական գործիչներ, արվեստի գործիչներ։ Շատ հայեր սուրճի անգերազանցելի առևտրականներ էին։ Երբ 30-40 տարի առաջ ես զրուցում էի տարեց սերբերի հետ, նրանք միշտ ասում էին ինձ, որ իրենք ամենալավ սուրճը գնում էին հայերից, որովհետև հայերը երբեք չէին խաբում», – պատում է Սիմոնյանը։
Հայերն այստեղ ավելի քիչ են, քան Ռուսաստանում, Ամերիկայում կամ հարևան Բուլղարիայում և Ռումինիայում։ Բայց նրանք հիմա էլ ապրում են այստեղ նույնիսկ այն բանից հետո, երբ բարգավաճող Հարավսլավիան մասնատվեց, իսկ Բելգրադը սկսեցին ռմբակոծել ՆԱՏՕ-ի ինքնաթիռները։
«ԽՍՀՄ-ը չհաշված՝ Հարավսլավիայի բանակը Եվրոպայում հզորությամբ չորրորդն էր բրիտանականից, ֆրանսիականից և գերմանականից հետո։ Իսկ ԽՍՀՄ անկումից հետո Արևմուտքին ձեռնտու չէր, որ Բալկաններում նման հզոր պետություն լինի։ Որոշվեց տապալել երկիրը՝ սեպ խրելով նրա ժողովուրդների միջև։ Բայց սերբերը, խորվաթները, բոսնիացիները մի ժողովուրդ են։ Ուղղակի խորվաթները կաթոլիկ են դարձել, իսկ բոսնիացիները թրքացել են։ Իսկ չեռնոգորցիները նույն հավատն ունեն, ինչ սերբերը։ Այստեղ տարբեր ժողովուրդների մասին խոսելը նույնքան անհեթեթ է, որքան հայերին և Արցախում բնակվողներին առանձնացնելը։ Չեռնոգորիայի ներկա ղեկավարությունը փորձում է սեպ խրել սերբ ժողովրդի երկու ճյուղերի միջև։ Ամեն դեպքում Չեռնոգորիայում շատ մարդիկ կան, որոնք հավատում են իրենց ճշմարիտ լինելուն։ Նրանք գիտեն և հիշում են իրենց ծագումը», – ասաց Սիմոնյանը։
«Բելգրադում ապրողների շարքում կա մեկը, որի անունը հպարտությամբ արտասանում մեր բոլոր հայրենակիցները։ Դա Սողոմոն Թեհլիրյանն է։ 1898թ-ից այստեղ ապրել է նրա հայրը, որը սուրճ է վաճառել։ Բեռլինում արդարացվելուց հետո Թեհլիրյանը վերադարձել է Սերբիա, սկզբից Վալյևո, հետո՝ Բելգրադ», – պատմում է Սիմոնյանը։
Սիմոնյանին, որն ամբողջ կյանքի ընթացքում ուսումնասիրել է Սերբիայում հայերի պատմությունը, բախտ է վիճակվել ծանոթանալ Թեհլիրյանի երեխաների՝ Շահենի և Զավենի հետ։ Առաջինը հեռացել է կյանքից մի քանի տարի առաջ, երկրորդը մինչև հիմա ողջ է, նա մոտ 90 տարեկան է։
«Նրանք պատմում էին, որ իրենց հոր մտերիմ ընկերը՝ Վահան Մինախորյանը, գրել է գրառել է նրա հիշողությունները, իսկ հաջորդ օրը բերել է և կարդացել։ Թեհլիրյանը միշտ ուղղել է դրանք՝ հանելով գովեստը, գերադրական աստիճանները։ Մի անգամ երեխաները հարցրել են հորը, թե ինչու նա ինքը չի գրել հուշեր։ Հայրը պատասխանել է․ «Չեմ ուզում ինձ տեսնել պատվանդանի վրա»», – ասում է Սիմոնյանը։
2018թ-ի դեկտեմբերի 11-ին լրանում է ողբերգական ամսաթվի 30 տարին։ 1988թ-ի ավերիչ երկրաշարժից հետո հարավսլավական մարդասիրական չվերթը Խորհրդային Միության սահմաններից դուրս առաջիններից մեկն էր, որ օգնություն էր բերում Հայաստանի ավերված քաղաքներին ու գյուղերին։ Երբ ինքնաթիռը կործանվեց վայրէջքի ժամանակ։ Անձնակազմը՝ յոթ օդաչուները, զոհվեցին։
«Այդ օրերին ես Հարավսլավիայում էի, մասնակցում էի թարգմանիչների կոնգրեսին։ Փողոցում մի ծանոթի տեսա՝ արցունքն աչքերին։ Նա ինձ պատմեց, թե ինչ է պատահել։ Հաջորդ օրերին ես լուրեր էի որսում հեռուստատեսությամբ, որտեղ ցույց էին տալիս ավերված տները և մահացած մարդկանց։ Իսկ դեկտեմբերի 11-ին ես մոտեցա թերթի տաղավարին և թերթերի էջերին տեսա սև շրջանակներ։ Իզուր չէ, որ Բելգրադն այդպես է կոչվում։ Սա սպիտակ քաղաք է, լույսի և ժպիտների քաղաք։ Իսկ այդ օրը բոլոր սգի մեջ էին»։
Անցած տարի Սիմոնյանը եղել է Սերբիայի պաշտպանության նախարարությունում, որտեղ քննարկել է յոթ օդաչուների ընտանիքների ուղևորությունը Հայաստան։ Նրանց ուղևորության և ընդունելության մասին հոգ կտանի Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Այդ մարդկանց սխրանքը չպետք է մոռացվի։ Հայերը չեն լքել յուրայիններին Կոսովոյի դաշտում 1389թ-ին և 1944թ-ին, երբ Կարմիր բանակի շարքերում ազատագրել են Հարավսլավիան նացիզմից։ 1988թ-ին չեն լքել նաև յուրայիններին սերբ օդաչուները՝ տալով այն ամենը, ինչ կարող էին։