ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը Գյումրիում ելույթով դիմեց հայ ժողովրդին։ Փաշինյանը նշեց, որ երկրաշարժը հարված էր հայ ժողովրդին, բայց նաև միասնության անկյունաքար դարձավ ազգի համար։
«30 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Սպիտակի մեծ երկրաշարժը, որի էպիկենտրոնը Շիրակամուտ գյուղում էր։ Այն ուներ 9-11 բալ ուժգնություն, աղետին զոհ գնաց ավելի քան 25 հազար քաղաքացի, անօթևան մնացին շուրջ 500 հազար մարդ։ Ավերվեցին հազարավոր շենքեր, շինություններ։ Զոհերի մասշտաբն ուղղակի հարված էր մեր ժողովրդի ներուժին, աղետն ուղղակի հարված էր մեր երկրի տնտեսությանն ու բարոյական հարված էր մեր ժողովրդի համար։ Բայց այս աղետը նաև ազգային միասնության մի յուրօրինակ անկյունաքար դարձավ։ Աշխարհի միլիոնավոր հայեր իրենց ուշադրությունը սևեռեցին պատմական հայրենիքի վրա։ Թերևս ամենավառ օրինակն Ազնավուրինն է, ով երկրաշարժից անմիջապես հետո այցելեց աղետի գոտի, որից հետո մինչև կյանքի վերջ ավելի կապվեց հայրենիքին։ Այն նաև համաշխարհային հումանիտաև համախմբման պատճառ դարձավ։ Աշխարհի բարեկամ ժողովուրդներն իրենց օգնության ձեռքը մեկնեցին հայ ժողովրդին»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ երկրաշարժից 30 տարի անց աղետի գոտի հասկացությունը վերացված չէ, բայց այն վերացնելը պայմանավորված չէ միայն շինությունները վերականգնելով։
«Մինչ այժմ աղետի գոտի ասելով հասկանում ենք մարդկանց բնակարանային կարիքները, դպրոցների շինարարությունն ու բացումը, բայց արձանագրենք, որ երկրաշարժի արդյունքում մի հսկայական տնտեսական սեգմենտ ավերվեց։ Ուստի աղետի գոտու վերականգնում ասելով պետք է հասկանանք նաև աղետի գոտու ողջ տարածքում գոյություն ունեցած ողջ տնտեսական պոտենցիալը։ Երկրաշարժից շատ չանցած սկսվեցին աղետի գոտու վերականգնման աշխատանքները, բայց միշտ չէ, որ շենքերի վերականգնմանը զուգընթաց վերականգնվում էին մարդկանց հույսը, հավատը, լավատեսությունը։ Մենք աղետի գոտին վերականգնելով պետքէ մարդկանց վերադարձնենք հույսն ու հավատը, մեր մեծագույն խնդիրն է հաղթահարել երկրաշարժից հետո ձևավորված հոգեբանական ու քաղաքացիական աղետը, և ես վստահ եմ, որ մենք այսօր միասնականացած քայլում ենք այդ ճանապարհով»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը։
Վարչապետի պաշտոնակատարը, դիմելով հայ ժողովրդին ու երկրաշարժից տուժածներին, եզրափակեց իր խոսքը՝ վստահեցնելով, որ ամեն ինչ շատ լավ է լինելու։