Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:
Հայտարարության մեջ մասնավորապես գրված է. ««Փյունիկ» ֆուտբոլային ակումբն, ուսումնասիրելով ՀՖՖ Կարգապահական կոմիտեի 18-19-21 դեկտեմբերի 6-ի նիստի որոշումը՝ որակազրկել թիմի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևին մինչև մրցաշրջանի ավարտը, հայտնում է իր խիստ անհամաձայնությունը:
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն ուսումնասիրել է Կարգապահական կոմիտեի այս մրցաշրջանի բոլոր կայացրած որոշումները և գտնում է, որ Կարգապահական կոմիտեն գործում է ոչ պրոֆեսիոնալ, ոչ արդար և կիրառում է երկակի ստանդարտներ:
Հայտնում ենք, որ Անդրեյ Տալալաևը պատժվել է Կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 18-րդ կետի համաձայն, ըստ որի որպես պատժամիջոց է սահմանվում մինչև մեկ տարի որակազրկումը:
Մեր իրավաբանները, ուսումնասիրելով միջադեպի նախադեպերը, եկել են այն եզրակացությանը, որ պատժաչափը համաչափ չէ կատարված արարքին:
Նման դաժան պատժամիջոցը մենք համարում ենք անարդար. այն վնասում է հայկական ֆուտբոլի զարգացմանն ու նրա իմիջի ձևավորմանը թե’ Հայաստանում, թե’ Հայաստանից դուրս:
Չնայած նրա, որ սեպտեմբերի 22-ին փոխվեց ՀՖՖ ղեկավարն ու գործկոմը, սակայն Կարգապահական կոմիտեն ինչպես և տարիներ շարունակ, այնպես էլ հիմա շարունակում է գործել ոչ պրոֆեսիոնալ ու կողմնակալ:
Մենք խնդրում ենք ՀՖՖ ղեկավարությանը ուշադրություն դարձնել Կարգապահական և մյուս բոլոր կոմիտեների աշխատելաոճին, մենք հույս ունենք, որ առաջիկայում կկազմվեն նոր կոմիտեներ, որոնք կաշխատեն ավելի արդար ու թափանցիկ և միտված կլինեն հայկական ֆուտբոլի որակի բարձրացմանը, այլ ոչ թե նրա հեղինակության վրա բացասաբար ազդելուն:
Կանոնակարգը այնքան ոչ հստակեցված է, որ թույլ է տալիս նույնիսկ Կարգապահական կոմիտեին որոշումներ կայացնել իր հայեցողությամբ:
Կարգապահական կոմիտեի կայացրած նման որոշումները (ի դեպ ոչ միայն մեր թիմի հանդեպ) կործանարար են հայկական ֆուտբոլի համար: Եթե այս խնդիրը չլուծվի, վստահ ենք, որ այն շատ շուտ կանդրադառնա հայկական ֆուտբոլում պոտենցիալ ներդրողների և մասնագետների ցանկության վրա. մուտք գործել հայկական ֆուտբոլ և նպաստել դրա զարգացմանը:
Կանոնակարգով սահմանված ժամկետում «Փյունիկ» ՖԱ-ն հիմնավոր բողոք կներկայացնի ՀՖՖ բողոքարկման կոմիտե՝ պահանջելով փոխել Անդրեյ Տալալաևի անհամաչափ պատիժը»:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի որոշմամբ՝ Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը որակազրկվել է մինչեւ 2019 թ. մայիսի 31-ը: Բարձրագույն խմբի առաջնության «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» խաղում մրցավարի օգնականին հայհոյելու համար «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը հեռացվել է տեխնիկական գոտուց: Ռուս մասնագետը որակազրկվել է մինչև 2019 թվականի մայիսի 31-ը, իսկ ակումբը տուգանվել է 125 հազար դրամով: Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը կավարտվի մայիսի 30-ին: