«Արսենալի» ղեկավարությունը խոստացել է ստուգել տեղեկությունը ակումբի խաղացողների կողմից աղմկոտ երեկույթի ժամանակ ալկոհոլ և այլ վնասակար նյութեր օգտագործելու վերաբերյալ։
Լոնդոնի «Արսենալի» խաղացողները աղմկոտ երեկույթ են կազմակերպել՝ ալկոհոլի և աղջիկների մասնակցությամբ։ Այդ մասին գրում է բրիտանական The Sun պարբերականը։ Լրատվամիջոցը լուսանկարներ է ձեռք բերել, որոնցում երևում է, թե ինչպես են ֆուտբոլիստները օգոստոսի նոր խաղաշրջանի նախաշեմին սրտանց ուրախանում։ Ինչպես գրում է կայքը, երեկույթի ժամանակ զինագործներն օգտագործել են ուրախացնող գազ, օղի, շամպայն և վիսկի։
Լրագրողները պարզել են, որ մարզիկները Լոնդոնի կենտրոնի ակումբներից մեկում վարձակալել են առանձին սրահ, ուր հրավիրել են 70 աղջիկների՝ նախապես վերցնելով նրանց հեռախոսները, որպեսզի նրանք չկարողանան լուսանկարել։ Սակայն ֆուտբոլիստները հաշվի չեն առել, որ տեսանյութը կարող է տարածել հենց ակումբը։
Հրապարակված կադրերում միլիոնավոր երկրպագուների կուռքերը կորցնում են գիտակցությունը ալկոհոլի և թմրանյութերի ազդեցությունից։
«Մեղավորների» շարքում է եղել նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Նրանից բացի ակումբում են եղել Ալեքսանդր Լյակազետը, Պյեր Էմերիկ Օբամեյանգը, Սեադ Կոլաշինացը, Շկոդրան Մուստաֆին և նորեկ Մատեո Գենդուզին։
Եթե տեսանյութը նայենք սկզբից մինչև վերջ, ապա կարելի է պնդել, որ ուրախացնող գազ չեն օգտագործել միայն Մխիթարյանը և Մուստաֆին։
Ակումբի ղեկավարությունն արդեն հանդես է եկել հայտարարությամբ՝ խոստանալով առաջիկայում պարզել հարցը։
«Ֆուտբոլիստների հետ կանցկացնեն առանձին զրույց միջադեպի վերաբերյալ, որի ընթացքում նրանց կհիշեցնեն նրանց պատասխանատվության և պարտականությունների մասին՝ որպես ակումբի ներկայացուցիչներ», – «Արսենալի» մամուլի ծառայության ներկայացուցչի խոսքերը մեջբերում է Sky Sports -ը։