Հատված լրագրող Վահան Իշխանյանի հարցազրույցից:
– Այսօր ցենզուրա մտցնելը հեշտ չի լինելու, չէ՞, կա ինտերնետ։
– Այն պրոցեսը, որը Հայաստանում եղավ, Արեւմուտքում էլ է եղել։ Երթ իշխող դասակարգը հասարակական կարծիքը ձեւավորող այնպիսի հզոր մեդիաներ է ստեղծում ու այլեւս չի վախենում խոսքի ազատությունից, կարող են բազմաթիվ ալտերնատիվ թերթեր ստեղծվել, որոնք, մեկ է՝ այն ազդեցությունը չեն կարող ունենալ, ինչպես խոշոր մեդիաները։ Սակայն հենց իշխանության շահերին ինչ-որ թերթ սպառնա, անպայման կլռեցնեն, ինչպես ԱՄՆ-ն Ասանժին ու Վիքիլիքսն է լռեցնում։
Այսօր կարդում եմ ամերիկյան ալտերնատիվ մամուլը, որն ասում է ճշմարտություններ, որոնք չեն երեւա երբեք խոշոր մեդիաներում, բայց դրանք շատ քիչ մարդ է կարդում, որովհետեւ միջոցներ չունեն ավելի տարածվելու։
Հայաստանը Լուսնի վրա չէ, եւ նույն պրոցեսն այստեղ է։ Սկզբից ճնշում են մամուլը, հետո կապիտալի իշխանությունն այնքան է ամրանում, որ թույլ է տալիս արդեն ազատ տարածքներ լինեն, բայց հենց որեւէ լրատվամիջոցից իրենց իշխանությանը ռեալ սպառնալիք նկատեն, տեղում կփակեն կամ ինչ-որ ձեւով հարցերը կլուծեն, ասենք՝ կառնեն, ինչպես ընդունված է Հայաստանում անել։
Իսկ եթե առանց ֆինանսական աջակցության ինչ-որ մեկը հանուն որակյալ լրագրության անձնական միջոցներով կայք բացի, դժվար թե իշխանությանը սպառնալիք դառնա, առավել եւս՝ հասարակական կարծիքի վրա ազդեցություն ունենա, քանի որ միջոցներ չի ունենա գրասենյակ վարձել կամ լրագրողներին վճարել ու նաեւ այլ ծախսեր անել։ Օրինակ, հեռուստատեսություն ո՞նց կարող ես պահել։ Ինչքան էլ ինտերնետը զարգացել է, մեկ է՝ մեծ մասը տանը նստած՝ հեռուստացույց է նայում։
– Բա վերջը ո՞րն է։
– Վերջ չկա, ոնց որ երկրի վիճակն է, տենց էլ մամուլի վիճակն է։ Հայաստանում չի առաջանում այլընտրանքային, անկախ լրատվամիջոց։ Գրեթե բոլոր լրատվամիջոցներն իշխանության տարբեր շրջանակների ձեռքին են։ Իշխանությունը լայն առումով եմ ասում՝ օլիգարխ, նախկին ղեկավար, որոնք բոլորը նույն իշխանության գաղափարախոսությունն ունեն՝ անձնական շահ, սեփականացում, ինչպես սրանք գտնեն թալանելու ու հարստանալու։
– Գրանտները չե՞ն կարող աջակցել ազատ մամուլին։
– Գրանտը որոշակի շահերի է ծառայում, սիրուն աչքերի համար չեն տալիս, մեծ-մեծ խոսքերի տակ՝ մարդու իրավունքներ, ազատություններ, թաքնված են շատ որոշակի շահեր։ Դա ավելի հստակ երեւում է վերջին տարիներին, երբ սրվել են Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունները։ Անկախ մամուլ Հայաստանում չկա, կամ որեւէ մեկին չվիրավորելու համար ասեմ՝ գրեթե չկա։ Բայց դա նաեւ լրագրողներից է, չկա լրագրողական այնպիսի մթնոլորտ, որտեղ գնահատվի անկաշառ լինելն ու պրոֆեսիոնալիզմը, եւ անընդունելի լինեն կլանային կամ այլ ներգրավվածությունները:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում