Ամռան ամիսների համեմատ բանանի գինը կրկնակի աճել է: Եթե մայիսի հայտնի իրադարձություններից հետո քննարկման թեմա էր դարձել, որ բանանը վաճառվում է 400-420 դրամով, ապա այժմ բանանը վաճառվում է մինչեւ 850 դրամով: Այս մասին գրում է Factor.am–ը։
Մասնավորապես, «Երեւան Սիթի» եւ «Նոր Զովք» սուպերմարկետներում բանանի գինը այս օրերին տատանվում է 520-540 դրամի սահմանում:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը բանանի գնաճի մի քանի պատճառներ է նշում: «Գնաճը կարող է երկու պատճառ ունենալ: Դրանցից մեկն այն է, որ դրսի շուկայում բանանի գին է փոխվել, բայց ես այս պահին չեմ կարող ասել դրսում փոփոխություն եղել է, թե՝ ոչ: Տոկոսային հարաբերակցությամբ, որ նայում ենք՝ 400 եւ 500, ապա սա կազմում է 25 տոկոս: Ռուսաստանում բանանի գինը 25 տոկոսով չի թանկացել: Սա նշանակում է, որ միջազգային շուկայում, եթե բանանի գնաճ է եղել, ապա դա 25 տոկոս չի»,- ասում է նա:
Բաբկեն Պիպոյանը չի բացառում, որ այս գնաճը պայմանավորված է տեղական ներկրողների ցանկությունից: «Այս սեզոնին բանանի պահանջարկը մեծացել է, իրացնելու հնարավորությունները մեծանում են եւ ապրանքի փչանալու ժամկետները երկարում է, որովհետեւ +30-ից +40 աստիճանին բանանը պահել, եւ պահել +10 կամ -2 աստիճանի պայմաններում տարբեր են: Սա եւս կարող է պատճառ լինի»:
Դիտարկմանը, որ 520 դրամով վաճառվում է սուպերմարկետներում, իսկ 650-ից 850 դրամով շուկաներում, Բաբկեն Պիպոյանը մեկնաբանեց. «Այստեղ իրացման տարբեր փուլեր կան: Ներմուծողը տալիս է խոշոր իրացնողին, խոշոր իրացնողը տալիս է խանութին, այսինք 2-3 բիզնես օպերատորի հետ գործ ունենք: Որ ասում ենք՝ ազատ շուկա, շուկան դեռ նոր մասշտաբի խաղացողներ չունի, որ լրիվ մրցակցային լինի: Պետք չի ստեղծենք միֆեր եւ հավատանք այդ միֆերին, պետք է ռեալ նայենք իրականությանը: Նոր իրացնողներ չեն ավելացել, փոքր ու միջին բիզնեսը չի շատացել, այսինքն՝ այս օղակում մրցակցությունը մնացել է հինը»,- եզրափակեց նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: