Արմեն Սարգսյանը պատմեց իր տատի մասին
Advertisement 1000 x 90

Արմեն Սարգսյանը պատմեց իր տատի մասին

ՀՀ նախագահի տատը հարուստ ընտանիքից է եղել, բայց երբ որոշել է փրկվել ցեղասպանությունից, նա իր հետ թանկարժեք իրեր չի վերցրել. գերադասել է փրկել որդուն ու աստվածաշունչը։

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ իր ընտանիքի օրինակով պատմեց, թե ինչպես են հայերը ցեղասպանության արհավիրքի ժամանակ փրկել ամենաթանկը՝ գիրն ու գրականությունը:

«Իմ տատիկը, ով Օսմանյան կայսրությունում ապրող հարուստ ընտանիքից էր, ցեղասպանությունը սկսելուն պես ամեն ինչ թողեց և հեռացավ: Երբ ես երիտասարդ էի, նա ինձ պատմում էր, որ ամեն բան թողեցին, որևէ բան, անգամ հագուստ կամ ոսկի չեն վերցրել, բայց վերցրել էր ամենաարժեքավոր բանը՝ տղային և աստվածաշունչը: Դրանք էին այն արժեքավորը, որոնց համար կյանքը կտար: Դժբախտաբար, որդուն կորցրեց Էջմիածնի ճանապարհին, բայց այդ լուսավոր Աստվածաշունչը բերեց: Այն մինչ օրս կա, պարունակում է ոչ միայն 450 տարվա պատմություն, այլև հիշողությունը կորցրած երեխայի, երեխայի, ով երբեք չմեծացավ, երբեք չափահաս չդարձավ, իր նպաստը չբերեց արվեստին, մշակույթին, բիզնեսին, քաղաքականությանը, երբեք երեխաներ կամ թոռներ չունեցավ: Սա ապրող հիշողություն է, լույսի տաճար»,- ասաց նա:

Նախագահը հայտարարեց, որ 103 տարի անց հայերն ապացուցել են ամբողջ աշխարհին, որ լույսը, բարին կհաղթի, ապացույցը Հայաստանի Հանրապետությունն է, դրա ժողովուրդը:

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 3-րդ գլոբալ ֆորումը, որն անցկացվում է Երևանում, նվիրված է կրթության, մշակույթի և թանգարանների միջոցով ցեղասպանության հանցագործության կանխարգելման հիմնահարցերին։

Ֆորումը կազմակերպել է ՀՀ ԱԳ նախարարությունը՝ ՄԱԿ-ի Ցեղասպանությունների կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության գրասենյակի աջակցությամբ և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի հետ համագործակցությամբ։