Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման «շիլափլավը» սարքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին նա հայտարարել է այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ։
Լուկաշենկոն պատմել է, որ երբ իրեն զանգահարել է Նիկոլ Փաշինյանը, ինքը հարցրել է, թե ինչո՞ւ է «Խաչատուրովին ձերբակալել քաղաքական դրդապատճառներով»։ Լուկաշենկոյի համոզմամբ՝ ՀԱՊԿ-ի հեղինակությունը բարձրացնելու համար այն պետք է ղեկավարեն «երիտասարդ, տաղանդավոր գեներալներ»։
Լուկաշենկոն, բացահայտելով Սանկտ Պետերբուրգի քննարկումների բովանդակությունը, ասել է, որ և ՌԴ, և Ղազախստանի նախագահները Փաշինյանին մեկ հարց են տվել՝ ինչու իրենց չէր զանգահարել և չէր խորհրդակցել կարևոր որոշումներ կայացնելուց առաջ։
«Խնդիրը ստեղծել ենք ոչ թե մենք, այլ Փաշինյանը»,- ասել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոյի խոսքով՝ «շիլափլավ սարքելով»՝ ՀՀ վարչապետը դրանով իսկ պետությունների ղեկավարներին ներքաշել է Հայաստանի ներքաղաքական հարցերի քննարկման մեջ։ Միևնույն ժամանակ, ասել է, որ ներողություն է խնդրել Փաշինյանից ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի շուրջ այդ վեճի համար։
«Ես Պուտինից ներողություն չեմ խնդրել, ես ներողություն եմ խնդրել Նիկոլայից (Նիկոլ Փաշինյանից), որ եղել է այդ վեճը ՀԱՊԿ նախագահության շուրջ»,- բելառուսական «Սպուտնիկ»-ի փոխանցմամբ՝ ասել է Բելառուսի ղեկավարը։
***
«Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ: Ալեքսանդր Լուկաշենկո»,- իր էջում այս կապակցությամբ գրել է Ստյոպա Սաֆարյանը: