Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կառավարության ձևավորումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը կվերսկսեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Բաքվում մեկնարկած Սևծովյան տնտեսական համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Երեկ ես շարունակական և մանրամասն զրույց եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մենք զգացել ենք բանակցությունները վերսկսելու և կառուցողական հանգուցալուծում գտնելու նրա անկեղծ տրամադրվածությունը: Ռուսաստանը որպես Հայաստանի և Ադրբեջանի մտերիմ գործընկեր և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ կանի ամեն ինչ փոխզիջման հասնելու անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար»,- ասել է Լավրովը:
Լավրովը հիշեցրել է, որ ավելի վաղ կայացել են շփումներ երկու երկրների ղեկավարների և արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև, սակայն դրանք կայացել են մինչև Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները: «Հիմա, երբ այդ փուլն արդեն անցյալում է, սպասվում է կառավարության ձևավորումը, որից հետո, ես կարծում եմ, հայկական կողմը պատրաստ կլինի ադրբեջանցիների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ վերսկսել բանակցային գործընթացը»,- ավելացրել է ՌԴ ԱԳ նախարարը: