«Ուրախություն գտնելու ցանկությունն ու սիրելիների հանդեպ հոգատար լինելը ուժեղ զենք է, մշտապես աշխատող զենք»
Advertisement 1000 x 90

«Ուրախություն գտնելու ցանկությունն ու սիրելիների հանդեպ հոգատար լինելը ուժեղ զենք է, մշտապես աշխատող զենք»

Սյունե Սևադայի հրապարակումը.

«Առաջին ձյանը ես ու պապան անպայման բակում խաղում ենք, ու կապ չունի, որ իր մազերում հատուկենտ սպիտակներ կան արդեն, ես էլ արդեն ոտնաթաթերիս վրա չեմ կանգնում, որ իրեն գրկեմ։ Գիշերը պարտադիր պիտի դուրս գանք, պապան փողոցի բոլոր ծառերի ձյունը թափ տա գլխիս, թավալ տանք, խփենք-գցենք իրար ձնակույտի մեջ, ու սրթսրթալով տուն հասնենք՝ ուրախանալով, որ մեր կյանքում մամա է պատահել, թեյը դրել ու մեզ է սպասում՝ չոր հագուստը դրած, մեզ հալացնելու անկոտրում որոշմամբ։
Ռուսաստանից Հայաստան գալու առաջին տարիներին՝ 90-ականների վերջին, մենք էլ, շատ ընտանիքների պես, վատ էինք ապրում։ Ձմեռները տանջանք են այն ընտանիքների համար, որոնք իրենց ներշնչել են, որ միս ու յուղ ուղղակի չեն սիրում՝ սիրելու համար փող չկա։ Ոչ միրգ են սիրում, ոչ էլ՝ բանջարեղենի մի շարք տեսակ։ Մակարոնեղենի փլավ են սիրում, կարտոֆիլ ու ոսպեղեն, լրիվ հերիք է։ Ինքնաներշնչումն ուժեղ զենք է։
Հայրենիքն ինձ համար ուրվագծվել է Քանաքեռի տեսքով, առաջին տունս էնտեղ էր։ Շենքի մոտակայքում թեքություն կար, բուն հայերենով՝ դիք։ Ձյուն եկավ, ու ես ու պապան էլի շատ ուշ ժամի իջանք խաղալու։ Սահնակ չունեի, պապան երկար վերարկու ուներ, տեղում ինչ-որ խաղ հորինեց՝ շատ համոզիչ անունով, ինձ նստացրեց ծնկներին ու սկսեցինք իր վերարկուի շնորհիվ հենց սղղալ։ Ծնողներս նման տաղանդ ունեին՝ բոլոր անհասկանալի իրավիճակներում մի հետաքրքիր անուն մտածում էին, ու ինձ համար իրավիճակը խաղ դարձնում։ Օրինակ, լույս չունենալը պապայի՝ կիթառ նվագելու ու իմ երգելու հրաշալի առիթ էր, մաման ամենահասարակ շիլան էլ մեծ ոգևորությամբ էր ինձ ուտացնում՝ ընթացքում պատմելով ինչ համեղ է, օգտակար է, սիրուն է։ Արդեն ինքնուրույն եմ ուտում, բայց ինքը շարունակում է մինչ օրս նկարագրել բոլոր ուտեստները՝ գազօջախից սեղանի մոտ բերելիս։ Այլ բալիկների՝ ինձ նվիրած խաղալիքների մասին երբեք չեմ լսել, որ ասեն՝ օգտագործած է, ինձ սովորեցնում էին շնորահակալ լինել, որ այլ բալիկներ իրենց իրերն ինձ են տվել, ու ես էլ պիտի լավ պահեմ, որ ուրիշի նվիրեմ։ Ես էլ պահում էի ու աջուձախ բաժանում բակի երեխաներին։
Դե եթե խաղալիքը կիսում էի, նոր խաղը հաստատ կկիսեի։ Հաջորդ օրը բակին պատմեցի պապայի խաղը, սկսեցինք տաք ու երկար վերարկուներով հենց ձյան վրա սահել, կարևոր պայմանը հանկարծ չսառելն էր՝ պապան էր սովորեցրել։ Հասցնում էինք մոտ հինգ անգամ սահել, վազել տուն, տաքացնել խոնավ վերարկուն, վերադառնալ ու էլի սահել։
Ես չգիտեի, որ մենք ուղղակի սահնակ գնելու գումար չունենք։ Ես չգիտեի, որ մենք, գուցե, փոքր-ինչ ավելի վատ ենք ապրում, քան հարևանները, չնայած իրենց ապրածն էլ մի բան չէր։ Ես ուղղակի սիրում էի մերոնց, մերոնց առաջարկած խաղը, ու խաղում էի էնքան հաճույքով, որ բակի՝ անգամ շատ ապահով տների երեխաներն իրենց գունավոր ու սիրուն սահնակները թողած մեր նման թավալվում էին։ Մի կույտ սահնակ էր՝ ձների մեջ թաղված, ու մի աշխույժ կույտ երեխա՝ ասֆալտին գլոր-գլոր։
Արդեն տարիներ անց, այլ թաղամասում ու այլ տանը, ձմեռային մի մռայլ օր մերոնք սիրուն-սիրուն սահնակ գնեցին ինձ համար։
Հիմա արդեն գիտեմ, որ ամենասուղ հնարավորություններով անգամ հնարավոր է վարակիչ լինել՝ եթե հաճույքով ես անում մտքինդ, կարող ես ուրիշներին համոզել թողնեն իրենց ունեցածն ու հետևեն քեզ՝ միայն թե անկեղծ լինես։ Հիմա, երբ կարողանում եմ ինքս գումար վաստակել, ու կարող ենք մեզ թույլ տալ միս, միրգ ու բանջարեղեն սիրել, անգամ՝ շատ սիրել, ուզում եմ մամայի ու պապայի համար առնել աշխարհի բոլոր սահնակները։
Ու գիտեմ, որ ուրախություն գտնելու ցանկությունն ու սիրելիների հանդեպ հոգատար լինելը ուժեղ զենք է, մշտապես աշխատող զենք։ Անգամ երբ սիրելիների մազերի մեջ հատուկենտ սպիտակ կա, դու էլ արդեն վաղուց ոտնաթաթերի վրա չես կանգնում, որ իրենց գրկես»։