Բաբկեն Պիպոյան. Տոնածառի ձեռքբերման գործընթացը եղել է ոչ թափանցիկ. panorama.am
Advertisement 1000 x 90

Բաբկեն Պիպոյան. Տոնածառի ձեռքբերման գործընթացը եղել է ոչ թափանցիկ. panorama.am

Կառավարությունը վերջին նիստում որոշում ընդունեց, ըստ որի Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների, Երևան քաղաքի գլխավոր տոնածառի լույսերի հանդիսավոր վառման արարողության միջոցառումների կազմակերպման շրջանակում Երևան համայնքի կողմից ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը կկազմակերպվեն  մեկ անձից:  Նիստի օրակարգում այն նշված է որպես չզեկուցվող հարց, ներկայացնողն էլ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն էր։ Հիմնավորվեց այսպես՝ ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ կազմակերպել մրցութային կարգով նոր գնման գործընթացներ։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ, Հանրային խորհրդի անդամ Բաբկեն Պիպոյանը կարծում է, որ ինչպես տոնածառի, այնպես էլ ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ձեռքբերումն իրականացվել են ոչ թափանցիկ, շատ կարևոր հարցերի հիմնավոր պատասխաններ մինչ այս պահը չեն հնչել։

Պիպոյանը կողմ է, որյուրաքանչյուր հարցի, այդ թվում նոր տոնածառի մասին խոսելիս պետք է մի կողմն դնել էմոցիոնալ մեկնաբանություններն ու պետք է առաջնորդվել մասնագիտական եզրակացություններով։

«Մի մասը կասի, այո´, տոնածառը պետք էր, մի մասը կասը, ավելի կարևոր խնդիրներ կային։ Այս դեպքում պետք է կամք դրսևորել ու որոշում կայացնել, բայց դա պետք է լինի ոչ սիրողական։ Որոշման կայացման համար անհրաժեշտ էին մասնագիտական եզրակացություններ, մասնագիտական հարցեր ու պատասխաններ, որոնք մինչ այս պահը չեն եղել ու չկան ոչ հանրության, ոչ էլ ընդդիմության կողմից։ Քաղաքապետարանի կողմից տրված հիմնավորումներն էլ մասնագիտական մոտեցումների հետ կապ չունեն»,-Panorama.am-ի  հետ զրույցում ասաց Բաբկեն Պիպոյանը։

Նրա խոսքով, պետք է լիներ ճարտարապետների, նախ և առաջ Երևանի գլխավոր ճարտարապետի կարծիքն այն մասին, արդյո˚ք Հանրապետության հրապարակում առկա շենքերի բարձրությունը հաշվի առնելով,  ճարտարապետական տեսանկյունից ճի՞շտ էր դնել 35 մետր բարձրություն ունեցող տոնածառ, թե՞ ավելի ցածրն էր պետ, օրինակ 25 մետրանոց։

«Սա կարևորագույն գնահատական է, որը պետք է տրվի հենց նեղ ոլորտային մասնագետների կողմից, ինչը ցավոք սրտի, չի արվել։ Բոլորը խոսում են տոնածառի մասին, բայցի համապատասխան որակավորում ունեցող մասնագետներից։ Գլխավոր ճարտարապետն ինքը պետք է ասեր, սա՞ է օպտիմալ չափը, թե՞ չէ։ Բարձրությունից կախված ձևավորվում է նաև գինը, բնական է, որ 35 մետրանոց և 25 մետրանոց տոնածառը չեն կարող նույն գինը ունենալ»,-բացերը մատնանշեց ՀԿ նախագահը։

Հանրային խորհրդի անդամը նաև այլ հարց է առաջ քաշում, հաշվի առնելով տեխնոլոգիական ու տեխնիկական  բազմաթիվ միջոցների առկայությունը, հնարավո՞ր չէր հին տոնածառին նոր տեսք հաղորդել։

«Դա կարող էր լինել լույսերը, խաղալիքները փոխելով, էֆեկտներ ավելացնելով կամ պակասացնելով։ Ի՞նչ կարժենար դա։ Այս համեմատությունը ևս բացակայում է, հայտնի չէ, այդ դեպքում ինչքա՞ն գումար հնարավոր կլիներ տնտեսել։ Սա էլ կարևոր հարց է, որը գնահատական չի ստացել։ Հանրության կարծիքը կարող է ձևավորվել, երբ այս հարցերի պատասխանները կան»,-ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է առանց մրցույթ հայտարարելու գնում կատարելուն, ապա Պիպոյանը նկատեց, այո, կարելի է, «Գնումների մասին» օրենքն էլ թույլ է տալիս։ Բայց կա մի կարևոր բայց։

«Նույն օրենքը հստակ ասում է՝ պետք լինի համապատասխան որոշում. Եթե ձեռք է բերվել համայնքային բյուջեից, պետք է լիներ ավագանու որոշում ուղիղ գնում կատարելու վերաբերյալ, եթե պետական բյուջեից էր ձեռք բերվելու, ապա պետք է լիներ կառավարության որոշում։  Ըստ էության, ուղիղ գնումն արվել է օրենքի շրջանակում, թ՞ե  դրանից դուրս,  պատասխանն առ այսօր չկա։  Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ տոնածառի մասին։ Երկրորդ կարծիք չկա ու չի կարող լինել, որ տոնածառի ձեռքբերման գործընթացը եղել է ոչ թափանցիկ։ Ավելին, եթե կան հարցերը, չկան պատասխանները, դա նշանակում է, որ մինչ այս պահը թափանցիկ չէ»,-նկատեց նա։

ՀԿ նախագահի խոսքով, եթե նույնիսկ ժամանակը սուղ էր, ապա պետք է լիներ նախ որոշումը, հետո՝ գնումը, ոչ թե կատարել գնումը, նոր  գնալ որոշման հետևից։

Հիշեցնենք, որ տոնածառի ձեռք բերման համար քաղաքապետարանը վճարել էր 71 մլն դրամ։  Նախատեսվում է Երևան քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը վառել հանդիսավոր պայմաններում դեկտեմբերի 21-ին։

panorama.am