Ինչպես է ձեռքբերվել Երևանի տոնածառը. բացահայտումներ. lurer.com
Advertisement 1000 x 90

Ինչպես է ձեռքբերվել Երևանի տոնածառը. բացահայտումներ. lurer.com

Կառավարությունը Երևանի քաղաքապետարանին թույլատրել է ամանորյա տոների միջոցառումների գնումները կազմակերպել մեկ անձից: Որպես արդարացում նշվում էր՝ որոշումը պայմանավորված է ժամկետների սղության պատճառով, քանի որ հնարավոր չէ կազմակերպել մրցութային կարգով նոր գնման գործընթացներ: Նիստի օրակարգում այն նշված էր որպես չզեկուցվող հարց, ներկայացնողն էլ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն էր։

Առհասարակ նոր տոնածառ գնելու հանգամանքն, արդեն իսկ, տարատեսակ ու իրարամերժ կարծիքների առիթ տվեց: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ, Հանրային խորհրդի անդամ Բաբկեն Պիպոյանը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նկատեց՝ շատ վատ է, որ գնահատականները էմոցիոնալ դաշտից չեն տեղափոխվել մասնագիտական դաշտ և կարևոր հարցերը դեռ պատասխան չեն ստացել. «Տոնածառը լա՞վն է, թե վատը` ճաշակի հարց էԱյս պահին տոնածառ անհրաճե՞շտ է, թե ոչ` մոտեցման հարց էՏոնածառն ավելի էժան ու լավ գնով գնելը` ուսումնասիրման հարց էԻսկ հիմա այլ հարց` կա՞ կառավարության որոշում առանց մրցույթի, ուղիղ գնում անելու թույլտվության վերաբերյալ, թե օրենք է խախտվելՈրոշման կայացման համար անհրաժեշտ էին մասնագիտական եզրակացություններ, մասնագիտական հարցեր ու պատասխաններ: Քաղաքապետարանի կողմից տրված հիմնավորումներն էլ մասնագիտական մոտեցումների հետ կապ չունեն»,- ասաց Բաբկեն Պիպոյանը՝ ընդգծելով, որ ինչպես տոնածառի, այնպես էլ ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ձեռքբերումն իրականացվել են ոչ թափանցիկ:

Նրա խոսքով՝ պետք է լիներ հատկապես Երևանի գլխավոր ճարտարապետի կարծիքը: Հանրապետության հրապարակում առկա շենքերի բարձրությունը հաշվի առնելով, ճարտարապետական տեսանկյունից ճի՞շտ էր դնել 35 մետր բարձրություն ունեցող տոնածառ, թե՞ ցածրն ավելի նպատակահարմար կլիներ: Կախված բարձրությունից՝ կփոխվեր նաև տոնածառի գինը:

Նշենք, որ տոնածառի ձեռք բերման համար քաղաքապետարանը ծախսել էր 71 մլն դրամ: Անդրադառնալով այս հանգամանքին Պիպոյանը հարց է բարձրացնում՝ հնարավո՞ր չէր հին տոնածառին նոր տեսք հաղորդել՝ լույսերը, խաղալիքները, էֆեկտները փոխելով. «Թե ի՞նչ կարժենար դա և ինչքա՞ն գումար հնարավոր կլիներ տնտեսել, հայտնի չէ ու գնահատական չի ստացել»,- ընդգծեց նա։

Նրա խոսքով, եթե նույնիսկ ժամանակը սուղ էր, ապա պետք է լիներ նախ որոշումը, հետո՝ գնումը, ոչ թե` հակառակը.

«Թեև «Գնումների մասին» օրենքը թույլ է տալիս, սակայն հստակ ասում է նաև, որ  եթե ձեռք է բերվել համայնքային բյուջեից, պետք է լիներ ավագանու որոշում ուղիղ գնում կատարելու վերաբերյալ, եթե պետական բյուջեից՝ ապա կառավարության որոշում։ Իսկ թե գնումը արվել է օրենքի շրջանակում, թե  դրանից դուրս, պատասխանը չկա։ Սա նշանակում է, որ տոնածառի ձեռքբերման գործընթացը եղել է ոչ թափանցիկ»,- ասաց ՀԿ նախագահը։

Սոնա Հարությունյան

lurer.com