Երգչուհի Նանան շատ է սիրում ժպտալ
Advertisement 1000 x 90

Երգչուհի Նանան շատ է սիրում ժպտալ

– Նանա, դուք ձեզ աստղ համարո՞ւմ եք:

– Ոչ, առայժմ ոչ:

– Ինչո՞ւ:

– Ընդհանրապես մենք չենք մեզ աստղ համարում, մեզ աստղ համարում են մեր երկրպագուները: Ես ինձ աստղ չեմ համարում, այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, իրենք թող ասեն՝ ես շատ հասարակ մարդ եմ կյանքում:

– Բայց դուք աստղի համարում չունե՞ք ձեր երկրպագուների կողմից:

– Ով ոնց ուզում է թող ասի՝ ինձ համար միևնույն է: Ես ընդամենը մեկ բառով կարող եմ ասել՝ ես մարդ եմ:

– Իսկ որպես մարդ ինչպե՞ս կբնութագրեք ձեզ:

– Ես բարի եմ, համբերատար, ժպտերես, շատ եմ սիրում ժպտալ: Ինձ հունից կարող են հանել այն մարդիկ, ովքեր աչքերիս մեջ նայելով` սուտ են խոսում:

– Հաճա՞խ եք այդպիսի մարդկանց հանդիպում:

– Քանի որ ես շոու-բիզնեսում եմ, իսկ այս ոլորտի հետ առնչվող մարդիկ հիմնականում դերասան են, այո՛, հաճախ են պատահում այդպիսի մարդիկ:

– Ինչպե՞ս եք կազմում ձեր երգացանկը:

– Սկզբում ինձ շատ օգնում էր իմ վոկալի ուսուցչուհին՝ Արմանուշ Հակոբյանը, բայց մինչ օրս էլ ես ամենաշատը մայրիկիս հետ եմ խորհրդակցում երգերի ընտրության հարցում, քանի որ նա էլ հրաշալի ձայն ունի, երգում է և ընդհանրապես շատ զարգացած անձնավորություն է:

– Բոլոր հարցերո՞ւմ եք մայրիկի հետ խորհրդակցում, թե՞ միայն երգացանկի հետ կապված:

– Բոլոր հարցերում, որովհետև ցանկացած աղջկա ամենալավ ընկերուհին իր մայրն է:

– Տարաձայնություններ չե՞ք ունենում, ասենք՝ դուք ժամանակակից երիտասարդության, ինչպես նաև` շոու-բիզնեսի ներկայացուցիչ եք, իսկ մայրիկն այլ սերնդի, այլ բնագավառի ներկայացուցիչ է…

– Մեր մեջ մայր-աղջիկ տարբերությունը չկա, մենք ավելի շատ ընկերուհիներ ենք, մայրս շատ ժամանակակից կին է…

– Որքան գիտեմ՝ ամուսնացած չեք, ծնողների հե՞տ եք ապրում:

– Ոչ, ապրում եմ առանձին, ունեմ իմ բնակարանը, որը հայրիկս է ինձ նվիրել:

– Մեզանում մի քիչ ընդունված չի, որ չամուսնացած դուստրն առանձին է ապրում ծնողներից…

– Դե, ես ևս երկու եղբայր ունեմ, և մենք բոլորս էլ ունենք մեր առանձին բնակարանները: Մեծ եղբայրս իր ընտանիքով առանձին է ապրում, ես՝ առանձին, մայրիկս՝ առանձին իր բնակարանում, բայց քանի որ հիմա փոքր եղբայրս ծառայում է, մայրս ինձ հետ է ապրում, հայրիկս էլ Ռուսաստանում է:

– Բոլոր բնակարանները հայրի՞կն է նվիրել:

– Հա, շատ լավ հայրիկ ունենք, ի՞նչ ա եղել… Խի քի՞չ բալիկներ կան, որ իրենց հայրիկներից նման ժառանգություն են ստանում…

– Եսիմ… Ես մտածեցի՝ առանց հայրիկի օգնության, միայն ձեր վաստակով եք գնել բնակարանը…

– Չէ, այն ժամանակ ես այդքան չէի վաստակում, հիմա հնարավոր է, որ ինքս էլ կարողանամ գնել…

– Հիմա դո՞ւք եք շատ վաստակում, թե՞ հայրիկը:

– Չէ, էլի՝ հայրիկը: Հայրս կոմերցիոն բիզնեսով է զբաղվում Ռուսաստանում: Ա՛յ, երբ որ ես էլ դառնամ հայրիկաչափ մի մայրիկ, հնարավոր է, որ ես էլ իր չափ վաստակեմ:

– Է՞լ ինչ է նվիրել հայրիկը ձեզ՝ բնակարանից բացի…

– Մեքենա:

– Պետավտոտեսուչների հետ խնդիրներ ունենո՞ւմ եք:

– Ոչ, բոլորն ինձ ճանաչում են, շատ սիրում են, շատ շոյված եմ…

– Խախտում չե՞ք անում:

– Երբեմն անում եմ, եթե շատ եմ շտապում, բայց ընդհանրապես ես լավ եմ վարում, 15 տարեկանից մեքենա եմ վարել: Առաջին մեքենան ես նվեր ստացա, երբ համալսարան էի ընդունվել՝ ես իրավաբանական ֆակուլտետն եմ ավարտել 2002 թվականին… Ավարտելուց հետո մեքենան փոխեցի:

– Մեքենայո՞վ էիք գնում դասի:

– Այո:

– Հավանաբար քչերը բուհ ընդունվելու առիթով մեքենա նվեր ստացած կլինեն, դա խորթություն չէ՞ր առաջացնում ձեր և համակուրսեցիների մեջ:

– Դա ինձ չէր հետաքրքրում:

– Ինչո՞ւ, ձեր շրջապատի մարդիկ ձեզ չե՞ն հետաքրքրում:

– Դե, ամեն մարդ ապրում է իր կյանքով:

– Ձեր մասին բամբասանքներին ո՞նց եք վերաբերվում:

– Արտասահմանում մեր նման երգիչները երբեմն փող են տալիս, որ իրենց շուրջ նման պատմություններ հյուսվեն, այստեղ դա անվճար է արվում, աշխատում եմ ժպիտով ընդունել:

– Հարազատներն է՞լ են թեթև տանում:

– Դե, մայրիկը մի քիչ ներվայնանում է, բայց ես ասում եմ՝ ոչինչ, ուշադրություն մի դարձրու:

– Ի՞նչ են բամբասում ձեր մասին:

– Քանի որ մայրս ծնունդով Ղարաբաղից է, ասում են՝ իբր ես ծնողներիս լքել եմ Ղարաբաղում ու եկել այստեղ, բայց նման բան չկա, որովհետև իմ մայրը դեռ 16 տարեկանում է հեռացել Ղարաբաղից: Հետո ասում են, որ ես երեխաներ ունեմ Ղարաբաղում, բայց դե, պարզ է, նման բան էլ չկա…

– Նանա, ինչո՞վ եք տարբերվում դուք մնացած երգիչ-երգչուհիներից:

– Ոչ մի բանով:

– Դուք մնացածից տարբերվելու խնդիր չունե՞ք: 

– Ոչ:

– Բա էլ ինչո՞ւ եք երգում՝ հեն ա էդքան երգող կա:

– Ես երգում եմ ինձ համար, մյուսը երգում է իր համար, դուք էլ աշխատում եք ձեզ համար…

– Չէ, մենք մի քիչ էլ ձեզ համար ենք աշխատում…

– Դուք տարբերություն դնո՞ւմ եք… Ես ոչ մի տարբերություն չեմ դնում, ես ինձ սովորական մարդ եմ համարում…

– Վերջերս բոլորը սկսել են ժողովրդական երգեր երգել, ազգային տարազներով տեսահոլովակները շատացել են… 

– Ես ինձ հիմնականում ժողովրդական երգարվեստի մեջ եմ լավ զգում, ընթերցողն էլ, եթե ինձ ճանաչում է, կիմանա, որ իմ երգացանկում մեծ տեղ են գրավում ժողովրդական երգերը…

– Ինչ-որ մեկը զբաղվո՞ւմ է ձեր իմիջով:

– Հիմնականում ինքս եմ զբաղվում, ես եմ որոշում՝ ինչ հագնել բեմում, հասարակության մեջ էլ՝ նայած տրամադրության՝ հիմնականում սպորտային ոճ եմ նախընտրում:

– Բացի համերգային շրջագայություններից, ինչ-որ տեղ աշխատո՞ւմ եք:

– Աշխատում եմ «Աստաֆյանում»:

– Դժվար չի՞ ռեստորանային աշխատանքը, տհաճ միջադեպեր չե՞ն լինում:

– Ոչ, մեր անվտանգության տղաները լավ են հսկում:

– Անձնական կյանքում ի՞նչ կա…

– Ամեն ինչ OK է…

– Ուրիշ ի՞նչ կասես:

– Այն կասեմ, որ իմ երկրպագուներին շատ սիրում եմ, նրանք իմ ամենամեծ գանձն են, բոլորին համբուրում եմ…

Նարինե Ավետյան

«168.am»