Նոամ Չոմսկին՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի լեզվաբանության դասախոսը, լեզվաբան, փիլիսոփա, հասարակական գործիչ, բազմաթիվ «բեսթսելեր»-ային գրքերի հեղինակ և քաղաքական վերլուծաբան, ժամանակակից աշխարհի պահանջված մտածողներից է:
Նա արձանագրելով, որ մարդու վարքագծի կառավարումը պետության առաջնահերթություններից է, և որ պետությունը ստեղծված է քաղաքացիների շահերը պաշտպանելու համար, միաժամանակ արձանագրում է սակայն, որ առավել հաճախ իշխանություն ունեցող մարդիկ՝ իրենց դիրքերը պահպանելու համար, փորձում են քաղաքացիներին հենց կառավարել:
Եվ երբ քաղաքացիները սկսում են դժգոհել իշխանությունների վարած քաղաքականությունից, իշխանական օղակները՝ բռնություններից խուսափելու համար, գործի են դնում քարոզչամեքենան, որի հիմնական գործիքը ԶԼՄ-ներն են:
ԶԼՄ-ների միջոցով հասարակությունը մանիպուլյացնելու այն տասը մեթոդները, որ առանձնացրել է Չոմսկին, հայտնի են, բայց փորձենք մեկ անգամ ևս «անցնել» դրանցով, անցյալի և ներկայիս իրողություններին սթափ մտքով անդրադառնալու համար: Ուղղակի՝ մտածելու՝ առանց դավադրությունների տեսության, առանց ենթատեքստեր որոնելու և այլն…
Մեթոդ 1. Շեղել ուշադրությունը
Հասարակությունը կառավարելու ամենաառաջին և պարզ մեթոդը՝ ժողովրդի ուշադրությունը շեղելն է քաղաքական և տնտեսական կարևոր իրադարձություններից և որոշումներից՝ լրատվական դաշտը հեղհեղելով աննշան նորություններով:
Այս մեթոդի արդյունքում քաղաքացիները հնարավորություն չեն ունենում կարևոր տեղեկություններ ստանալ ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների, տնտեսութան, հոգեբանության, կիբեռնետիկայի և այլ զարգացումների մասին:
Լրահոսը հագեցած է լինում շոու բիզնեսի, դեղին մամուլի, միստիկային վերաբերող անկարևոր նորություններով, որոնք հիմնված են մարդու բնական բնազդների վրա:
Մեթոդ 2. Ստեղծել խնդրահարույց իրավիճակներ և առաջարկել դրանց լուծումները
Այս մեթոդը նաև անվանում են «խնդիր-ռեակցիա-լուծում»:
Ստեղծվում է խնդիր, ինչ-որ «իրավիճակ», որը նախատեսված է հասարակության շրջանում որոշակի արձագանք առաջացնելու համար: Իսկ կառավարող օղակների կողմից առաջարկվող լուծումները առաջին հերթին հենց իրենց են ձեռնտու լինում:
Օրինակ՝ քաղաքներում աճում են բռնության դեպքերը կամ տեղի են ունենում արյունալի ահաբեկչական հարձակումներ:
Որպես լուծում քաղաքացիներին առաջարկվում է, այսպես կոչված, «անհրաժեշտ չարություն»: Այսինքն՝ անվտանգության ապահովման համար ավելի խիստ օրենքների մշակում և ընդունում, որոնք, սակայն, իրականում ոտնահարում են մարդու քաղաքացիական ազատությունները կամ սոցիալական իրավունքները:
Բայց պետք է հասկանալ, որ ճգնաժամները իրենք իրենցով չեն առաջանում:
Մեթոդ 3. Ներդնել աստիճանական կիրառման մոդելը
Որպեսզի հնարավոր լինի ընդունել հանրության համար ոչ ձեռնտու որևէ օրենք, կիրառվում է աստիճանական, օրեցօր, տարեցտարի ներդրման մեթոդը:
Նախորդ դարի 80-90-ական թվականներին նման կերպով գլոբալ տարածում ստացավ սկզբունքորեն նոր սոցիալ-տնտեսական կարգը՝ նեոլիբերալիզմը:
Եթե այնպիսի երևույթները, ինչպիսիք էին պետության դերը նվազագույնի հասցնելը, մասնավորեցումը, անվստահությունը, ոչ կայուն իրավիճակը, մասսայական գործազրկությունը, ցածր աշխատավարձերը և այլն, իրականություն դառնային միանգամից, ապա արդյունքը անպայման կհանգեցներ արագ հեղափոխության:
Մեթոդ 4. Հետաձգել իրականացումը
Հանրության համար ոչ նպատակահարմար որոշումներ անցկացնելու մեկ այլ մեթոդը այն որպես «ցավալի և անհրաժեշտ» գործողություն ներկայացնելն է, որը, սակայն, ուժի մեջ կմտնի ոչ թե հենց այսօր, այս պահին, այլ մոտ ապագայում:
Որովհետև ավելի հեշտ է համաձայնել որոշակի զոհողությունների ապագայի կտրվածքով, քան՝ տվյալ պահին։
Հասարակությունը միշտ, միամտաբար, հույս ունի, որ «վաղը ամեն ինչ կփոխվի դեպի լավը», իսկ այսօր իրենից պահանջվող զոհողություններից վաղը հնարավոր կլինի խուսափել: Սա հնարավորություն է տալիս քաղաքացիներին ավելի շատ ժամանակ ունենալ՝ համակերպվելու գալիք փոփոխությունների հետ:
Մեթոդ 5. Դիմել հասարակությանը՝ որպես անմիտ երեխայի
Շատ հաճախ հանրության համար նախատեսված քարոզչություն պարունակող ելույթներում օգտագործվում են այնպիսի փաստարկներ, պերսոնաժներ, բառեր և ինտոնացիաներ, որոնք կիրառվում են անչափահաս երեխաների հետ շփումներում:
Որքան շատ են փորձում շփոթեցնել լսողին, այնքան շատ են փորձում օգտագործել ինֆանտիլ լեզվաբանական դարձվածներ: Ինչու՞: Որովհետև, եթե ինչ-որ մեկը շփվում է մարդու հետ այնպես, կարծես նա 12 տարեկան է (կամ ավելի փոքր), ապա, մեծ հավանականությամբ, քարոզչության պատասխան ռեակցիան լինում է քննադատության բացակայությունը: Սա բնորոշ է մինչև 12 տարեկան երեխաներին, և, հետևաբար, ամբոխը ենթագիտակցաբար ունենում է համապատասխան արձագանք:
Խոսքը, հումորն այս պարագայում նախատեսված է լայն լսարանի համար: Հարկ է նաև չմոռանալ, որ արդեն իսկ կիրառվում են վերևում և ներքևում ներկայացված շահագործման մեթոդները, որոնք լրացնում են մեկը մյուսին:
Մեթոդ 6. Շեշտը դնել էմոցիաների, ոչ թե բանականության վրա
Էմոցիաների վրա ազդեցությունը նեյրո-լեզվաբանական ծրագրավորման դասական հնարք է, որն ուղղված է մարդկանց ռացիոնալ վերլուծություն անելու հատկության արգելափակմանը և, հետևաբար, իրավիճակի մասին քննադատական մտածելակերպի արգելափակմանը:
Մյուս կողմից, զգացմունքների վրա ազդեցությունը հնարավորություն է տալիս բացել ենթագիտակցության դուռը, որպեսզի այնտեղ ներարկվեն մտքեր, ցանկություններ, վախեր, հարկադրանք կամ վարքի կայուն մոդելներ:
Այնպիսի հաճախ կրկնվող նախադասություններ, ինչպիսիք են՝ դաժան ահաբեկչությունները, անարդար կառավարությունը, սոված մարդկանց տառապանքը և այլն, կադրից դուրս են թողնում կատարվածի իրական պատճառները և մեղավորներին:
Զգացմունքները տրամաբանության թշնամին են:
Մեթոդ 7. Պահել մարդկանց տգիտության մեջ՝ զարգացնելով միջակությունը
Այս ռազմավարության իմաստը նրանում է, որ մարդիկ չբացահայտեն այն մեթոդները, որոնցով իրենք կառավարվում են կամ ենթարկվում կառավարող օղակների կամքին:
Կրթության որակը՝ հատկապես միջնակարգ հասարակական դպրոցներում, պետք է միջակ լինի, որպեսզի անտեղյակությունը, տգիտությունը, անճաշակությունը դառնա համատարած, և ցածր խավը չկարողանա հաղթահարել դրանք:
Մեթոդ 8. Դրդել քաղաքացիներին հիանալ միջակությամբ
Հասարակության մեջ սերմանել այն գաղափարը, որ տգիտությունը, գռեհիկ հումորները, անդաստիարակությունը ժամանակակից են:
Այս մեթոդը մյուսներից չի տարանջատվում, քանի որ ժամանակակից աշխարհում ցանկացած սոցիալական ոլորտում՝ սկսած կրոնից և գիտությունից, վերջացրած՝ քաղաքականությամբ, մեծ քանակությամբ միջակությունների կարելի է հանդիպել:
Սկանդալները, դեղին մամուլը, ցածրակարգ սերիալները, կեղծ հերոսները, կասկածելի հումորը և կիսապոպուլիստական ակցիաները մտահորիզոնն ընդլայնելու փորձերից հասարակությանը հետ պահելու շատ լավ մեթոդներ են:
Մեթոդ 9. Ուժեղացնել սեփական մեղքի զգացողությունը
Այս մեթոդի միջոցով մարդուն համազում են, որ միայն ինքն է մեղավոր սեփական անհաջողությունների մեջ և որի պատճառը իր միջակ մտավոր ունակություններն են, նպատակասլացության բացակայությունը: Արդյունքում՝ տնտեսական և քաղաքական համակարգի դեմ պայքարելու փոխարեն, մարդն սկսում է զբաղվել ինքնախարազանմամբ, ինչն էլ հանգեցնում է ճնշված հոգեվիճակի և անտարբերության շրջապատում տեղի ունեցողի հանդեպ:
Մեթոդ 10. Իմանալ մարդկանց մասին ավելին, քան նրանք գիտեն
Վերջին հիսուն տարիներին գիտության զարգացումը հանգեցրել է նրան, որ մեծացել է տեղեկատվության հասանելիության անդունդը հասարակ մարդկանց և իշխող վերնախավի միջև:
Կենսաբանության, նեյրոկենսաբանության, կիրառական հոգեբանության շնորհիվ «համակարգը»՝ ինչպես ֆիզիոլոգիայի, այնպես էլ հոգեբանության ոլորտում, առաջատար գիտելիքների է տիրապետում մարդու մասին: «Համակարգը» շատ ավելի գիտելիքներ ունի մարդու մասին, քան մարդը ինքը: Հետևաբար, նա շատ ավելի մեծ իշխանություն և կառավարման շատ ավելի մեծ հնարավորություններ ունի:
«ՀԱՅԵՐ» մեդիահարթակ
Լուսանկարում՝ Հակոբ Հակոբյանի «Ո՛չ նեյտրոնային ռումբին» ստեղծագործությունը: