Ինչո՞ւ են ագռավները պաշարել Էջմիածնի Մայր տաճարի կտուրը (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ են ագռավները պաշարել Էջմիածնի Մայր տաճարի կտուրը

Նախօրեին մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ վերջին օրերին Էջմիածնի Մայր տաճարը պաշարված է մեծաքանակ ագռավների երամով։ Մայր տաճարի գմբեթը՝ հատկապես երեկոյան ժամերին, հայտնվում է չարագուշակ թռչունների տիրապետության տակ, որոնց սոսկալի խմբակային կռկռոցը գրավում է հավատացյալների ու այցելուների ուշադրությունը: Հրապարակման հետքերով 168.am-ը եղավ Մայր տաճարի բակում:

Այն, ինչ ֆիքսեց մեր տեսախցիկը, ավելի քան զարմանալի էր: Թռչունների մեծաքանակ կուտակումներ կային ինչպես՝ տաճարի գմբեթներին, այնպես էլ՝ երկնքում: Հասկանալու համար՝ ինչո՞վ կարող է պայմանավորված լինել թռչունների այսօրինակ վարքը, 168.am-ը զրուցեց Մայր տաճարի տարածքը սպասարկողներից մեկի հետ, ով չցանկացավ ներկայանալ, բայց տեղեկացրեց՝ թռչունների նման կուտակումներն արդեն երեք տարի շարունակ նորություն չեն տեղի բնակիչների և պարբերաբար սրբատեղի այցելող հավատացյալների համար: Ըստ մեր զրուցակցի՝ երևույթը նկատվել է գմբեթի շինարարության սկսման հետ և հավանաբար շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև կավարտվեն վերանորոգման աշխատանքները:

Փորձելով հասկանալ թռչյունների այսօրինակ վարքի գիտական և կենսաբանական պատճառները, 168.am-ը կապ հաստատեց թռչնաբան Սիլվա Ադամյանի հետ.

– Տիկին Ադամյան, վերջին օրերին մամուլում լուրեր էին տարածվել այն մասին, որ Էջմիածնում՝ Մայր տաճարի կտուրին, հատկապես երեկոյան ժամերին, ագռավների մեծաքանակ կուտակումներ են նկատվում: Թռչյունների նման վարքը գիտական բացատրություն ունի՞:

– Մինչ որևէ մեկնաբանություն տալը լավ կլիներ վստահորեն համոզվեինք՝ արդյո՞ք խոսքը հենց ագռավների մասին է, որովհետև դրանք կարող էին լինել նաև սերմնաքաղներ, որ արտաքին տեսքով շատ նման են մոխրագույն ագռավներին: Եթե դրանք իսկապես ագռավներ են, ապա նրանց այսօրինակ վարքը կենսաբանական երկու պատճառներ կարող է ունենալ: Աղբի գոյության խնդիրը դնենք մի կողմ, որովհետև քիչ հավանական է, որ Մայր տաճարի կտուրին այնքան աղբ լինի, որ գրավի ագռավների գաղութներին: Հայտնի է՝ ագռավներն ամենակեր թռչուններ են, սնվում են աղբով, և այնտեղ, որտեղ կերակրային աղբի մեծ կուտակումներ կան, նրանք անպայմանորեն կհավաքվեն այդտեղ: Երկրորդ կենսաբանական պատճառը բնադրման սեզոնի հետ է կապված, բայց քանի որ ձմռանը թռչունների մոտ բնադրման սեզոնը բացառվում է, և խոսել ձագերի մասին՝ անիմաստ է, ապա հերքում ենք նաև այդ տարբերակը:

ejmiacin-4

– Մայր տաճարի գմբեթն արդեն տարիներ շարունակ վերանորոգման ընթացքի մեջ է: Գուցե դրանո՞վ են պայմանավորված թռչունների նմանօրինակ կուտակումները:

– Արդեն ասացի՝ եթե նկատի ունենք աղբը, ապա ագռավները հավաքվում են կերակրային աղբի վրա, այլ ոչ՝ շինարարական: Այստեղ պատճառները գուցե հոգևո՞ր դաշտում պետք է փնտրել…

– Ինչո՞վ կարող է պայմանավորված լինել թռչունների՝ հատկապես երեկոյան ակտիվ շարժը դեպի Մայր տաճարի գմբեթը:

– Կենսաբանության մեջ հայտնի փաստ է, երբ եղանակը սկսում է ցրտել, ագռավները խմբակային գաղութներով մի տեղից տեղափոխվում են մեկ այլ տեղ: Դա թռչունների, մասնավորապես՝ ագռավների կեցության ձևերից մեկն է: Գուցե երեկոյան նրանց շարժի ակտիվությունը պայմանավորված է եղանակի սառեցմամբ, որովհետև գիտենք՝ երեկոյան եղանակը ցրտում է: Ցանկացած այլ մեկնաբանություն որևէ կենսաբան ձեզ տալ չի կարող, որովհետև այն ուղղակի չկա:

ejmiacin-5

ejmiacin-3

– Դուք հերքեցիք կենսաբանական բոլոր պատճառները, որոնցով պայմանավորված՝ թռչունների նման վարք կարելի էր ենթադրել: Ուրեմն ինչպե՞ս կարելի է հասկանալ պատճառները, ի վերջո:

– Այս հարցին պատասխանելուց առաջ կուզենայի նշել, որ ես խորը հավատացյալ մարդ եմ և ջատագովը Հայ Առաքելական եկեղեցու, հեռու որևէ տեսակի աղանդներից, և այլն: Այս պարագայում, երևի տեղին է հիշել «Նոյի ագռավ» արտահայտությունը ու դրա մեջ թաքնված իմաստը, որը զերծ կմնամ մեկնաբանելուց: Մի կողմ դնելով բոլոր տեսակի կենսաբանական թեորիաները, կանդրադառնամ երևույթի հոգևոր մեկնաբանությանը: Հայտնի է, որ թռչունները շատ շուտ են զգում ամեն տեսակի աղետները՝ լինեն բնական թե հոգևոր բնույթի: Այս պարագայում դրանք կարող են լինել սպասվող առատ տեղումների, տարերային աղետներ, անոմալ կլիմայական փոփոխություններ, և այլն, Աստված մի արասցե: Եթե ես ականատեսի աչքերով տեսնեի նրանց վարքը, գուցե և հասկանայի երևույթի հստակ բացատրությունը: Ամեն դեպքում, իմ անձնական, սուբյեկտիվ մեկնաբանությունն այս երևույթին և մասնավորապես՝ եկեղեցու շուրջ ակտիվացած թռչունների վարքի վերաբերյալ, որ առաջին անգամ եմ լսում, որպես թռչնաբան կարող եմ մեկնաբանել մի կերպ՝ հոգևոր կյանքում այնքան աննորմալ երևույթների ենք ականատես լինում, որ հիմա՝ այս իրավիճակում, որը, կարծում եմ, կապված է նաև վերին ուժերի հետ, ինձ մնում է միայն ակնկալել իրենց՝ հոգևորականների բացատրությունը: Եթե դա Սուրբ տաճար է, և այն ագռավների գաղութների հավաքատեղի է, ապա, կներեք, այստեղ լավ բան չի կարելի սպասել: Ես հստակորեն կարող եմ տալ երևույթի միայն կենսաբանական բացատրությունը:

Մայր տաճարի բակում արված տեսագրության մանրամասները՝ տեսանյութում:

ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆ