Ուշացած կրծքով կերակրումից մինչև բարուր. ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր ծրագրի արձանագրած արդյունքները մտահոգիչ են. news.am
Advertisement 1000 x 90

Ուշացած կրծքով կերակրումից մինչև բարուր. ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր ծրագրի արձանագրած արդյունքները մտահոգիչ են. news.am

Անցնող տարին գերակտիվ է եղել «Ընտանիքի ակադեմիա» հկ անդամների համար. հասցրել են լինել հանրապետության բոլոր մարզերի թվով 30 համայնքում: Այցերն իրականացվել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և ՀՀ Առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացվող «Մանկաբույժ-ծնող՝ ձեռք ձեռքի փոքրիկի կողքին» ծրագրի շրջանակում:

Ծրագիրն իրականացնող թիմը հանդիպումներ է ունեցել համայնքների մանկաբույժների հսկողության տակ գտնվող երեխաների ծնողների հետ, որոնք լրացրել են նախագծի համար մշակված թեստերը: Մինչև երկու տարեկան երեխաներ ունեցող հազարից ավելի ծնողներ պատասխանել են երեխաների աճին, խնամքին ու զարգացմանը վերաբերող 35 հարցի: Նպատակն էր դուրս բերել այն թեմաներն ու խնդիրները, որոնց մասին ծնողներն ամենից քիչ են տեղեկացված կամ ունեն թյուր պատկերացումներ դրանց մասին:

Հարցաթերթիկները լրացնելուց անմիջապես հետո ծնողները լսել են մանկաբույժ Մարի Մարտիրոսյանին, ով պատահականության սկզբունքով ընտրելով լրացված հարցաթերթիկներից մեկը,  ընթերցել է բոլոր հարցերն ու բարձրաձայնել ճիշտ պատասխանները:

«Այս ֆորմատով շփումը ծնողների հետ շատ եմ կարևորում: Հանդիպումների ժամանակ միշտ ասում էի մայրիկներին, որ նրանց իրազեկվածությունն իրենց երեխաների առողջության գրավականն է: Ասել կուզի՝ երեխաները բոլոր շանսերն ունեն ընդունելու ավելի քիչ դեղորայք, խուսափելու բժշկական տարաբնույթ միջամտություններից, եթե ծնողը գիտի երբ անհանգստանալ, ում դիմել ու ինչ անել: Ընթերցում էի հարցերը, ընդգծում էի սխալ պատասխաններն ու հիշեցնում ճիշտ քայլերի ու գործելակերպերի մասին»,-մեկնաբանեց մանկաբույժ Մարի Մարտիրոսյանը:

Լրացված հարցաթերթիկները վերծանվել են մի քանի կատեգորիայով: Կարևոր էր հասկանալ, թե տվյալ մարզում, որոնք են «խոցելի» թեմաները: Թեստերի արդյուքները վերածվել են տոկոսային պատկերի ու ներկայացվել համայնքների մանկաբույժների համար կազմակերպված սեմինարների ընթացքում:

ՅՈւՆԻՍԵՖ-ի Առողջապահության և սնուցման բաժնի ղեկավար Լիանա Հովակիմյանը նկատեց.- «Յուրաքանչյուր մարզում գրանցվել է սխալ պատասխանների բարձր տոկոսներ գրանցած հարցերի ու թեմաների խումբ: Այսպես, մեզ համար ցավալի էր արձանագրել, որ Ապարանում հարցմանը մասնակից ծնողների 90 տոկոսից ավելին՝ «Արդյո՞ք երեխային պետք է բարուրել կյանքի առաջին ամիսներին» հարցին պատասխանել են՝ այո»:

Ահա այն հարցերը, որոնց հարցման մասնակիցներն ամենից հաճախ են տվել սխալ կամ թերի պատասխաններ.

*Ի՞նչ հաճախականությամբ պետք է կրծքով կերակրել նոր ծնված փոքրիկին:

*Ե՞րբ պետք է սկսել երեխային հավելյալ սնուդ առաջարկել:

*Ո՞ր տարիքում պետք է երեխայի սննդացանկ մսամթերք ներմուծել:

*Ինչո՞վ է վտանգավոր երեխայի օրգանիզմի համար հավելյալ սննդի ուշ ներմուծում:

*Եթե երեխան սիրում ու պահանջում է, արդյո՞ք կարելի է գիշերվա ընթացում նրան տնական կոմպոտներ կամ մեղրաջուր տալ:

*Պետք է արդյո՞ք անհանգստանալ, եթե 3 տարեկանում երեխան դեռ չի կարողանում խոսել:

Հպանցիկ հայացքն էլ բավական է՝ հասկանալու, որ դրանց ճնշող մեծամասնությունը վերաբերում է երեխաների սնուցմանը:

Ծրագիրն իրականացնող թիմն արձանագրում է՝ համայնքից համայնք կարմիր գծով անցնում է կարծրատիպերի ու ավագ սերնդի պարտադրանքի թեման: Մայրիկները հաճախ խոստովանել են, որ գիտեն, թե ինչպես է պետք ճիշտ վարվել, սակայն ընտանիքի ավագների կարծիքն ու պարտադրանքն ի վերջո հաղթում են:

Իմանալով դա ու այն, որ 21-րդ դարում տեղեկատվության աղբյուրները չափից շատ են ու հաճախ ոչ վստահելի,  «Մանկաբույժ-ծնող՝ ձեռք ձեռքի փոքրիկի կողքին» խորագրով արշավը կարևոր ևս մեկ նպատակ է հետապնդել՝ բարձրացնել համայնքում մանկաբույժի հեղինակությունը:

Ծրագրի համակարգող Գոռ Պետրոսյանի խոսքով՝ յուրաքանչյուր մարզում իրականացրել են սեմինարներ ծրագրում ընդգրկված բոլոր համայնքների մանկաբույժների մասնակցությամբ:

«Մի քանի փուլից բաղկացած ծրագրի առանցքային նպատակը՝ մանկաբույժ-ծնող կապն ամրապնդելն էր, սակայն ոչ թե մանկաբույժներին մասնագիտական լրացուցիչ գիտելիքներ փոխանցելու, այլ մոտիվացման, կոնֆլիկտների կառավարման, ժամանակի գրագետ պլանավորման և ինքնախրախուսման եղանակների ուսուցման ճանապարհով»,- բացատրեց Գոռը:

«Ինչպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի, այնպես էլ տեղական, պետական ու միջազգային այլ կառույցների կողմից տարիներ շարունակ իրականացված իրազեկման ծրագրերի շնորհիվ այսօր արձանագրում ենք մանկական մահացության թվի անկման հստակ դինամիկա, կրծքով սնուցման տոկոսների աճ և բազմաթիվ այլ դրական տեղաշարժեր: Սակայն, սերունդների հերթագայությունն անընդմեջ է, ուստի մեր փոքրիկների աճի ու զարգացման համար կատարյալ  միջավայր ու պայմաններ ստեղծելու ուղղությամբ դեռ պետք է աշխատել», – վստահ է տիկին Հովակիմյանը:

med.news.am