3 գլխավոր մարզիչ, 4 ընկերական և 6 պաշտոնական հանդիպում, խփած և բաց թողած գոլերի 15-10 հարաբերակցություն, ձախողած Ազգերի լիգա․․․
2018 թվականի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը երկրպագուներին հակասական զգացողություններ պատճառեց՝ հիասթափությունից մինչև արժանապատվության վերականգնում։ Armsport.am-ը առաջարկում է վերհիշել, թե ինչպիսին էր անցնող տարին մեր ազգային ընտրանու համար։
Տարվա առաջին կեսին Հայաստանի ազգային հավաքականը 4 ընկերական հանդիպում անցկացրեց՝ դրանցում խփելով 1 գոլ և բաց թողնելով 2-ը։
Մեր ընտրանին տարին սկսեց մարտի 24-ին՝ Էստոնիայի հավաքականի հետ ընկերական խաղով։ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում գոլեր չարձանագրվեցին։ Այդ հանդիպումը նշանավորվեց ոչ թե գրոհներով և վտանգավոր պահերով, այլ նորամուտով․ երկրորդ կեսում մեր հավաքականի կազմում իր նորամուտը նշեց արգենտինական «Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը: