Սահմանապահ զորքից միայն անունը կմնա. հայ գեներալը` Ադրբեջանի նոր պահուստի մասին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Սահմանապահ զորքից միայն անունը կմնա. հայ գեներալը` Ադրբեջանի նոր պահուստի մասին. armeniasputnik.am

Ադրբեջանն իր համար կարևոր ռազմավարական ուղղության` Հայաստանի սահմանի պաշտպանությունը չի թուլացնի, Sputnik Արմենիային ասաց  Հայաստանի ԱԱԾ սահմանային զորքերի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Լևոն Ստեփանյանը` մեկնաբանելով Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատարի հայտարարությունը։

Հիշեցնենք` Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Գուլիևը հայտարարել էր, որ երկիրը Հայաստանի հետ սահմանին (Ղազախի և Աղստևի հատվածում) ԶՈՒ ստորաբաժանումների մի մասը կփոխարինի սահմանապահ զորքերով։ Նման որոշումը նա բացատրել է բարձր մարտական պատրաստվածությամբ, ինչպես նաև նոր «պահուստային զորամասեր» ստեղծելու անհրաժեշտությամբ։

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանային այն հատվածը, որը խորհրդային ժամանակաշրջանից անփոփոխ է մնացել, երկու կողմերից սահմանապահ զորքերին փոխանցելու գաղափարը քննարկել եմ դեռևս 1996 թվականին ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նախկին նախագահ, Ռուսաստանի բանակի գեներալ Անդրեյ Նիկոլաևի հետ։ Նպատակն էր երկու երկրների պետությունների ղեկավարներին առաջարկել ուսումնասիրել դա որպես 90-ականների սկզբին սահմանը չխախտած հատվածներում լարվածությունը թուլացնելու տարբերակ», – ասաց Ստեփանյանը։

Նրա խոսքով` այս տարբերակը վատը չէր, հատկապես հաշվի առնելով այն, որ սահմանապահ զորքերի հիմնական նշանակությունը սահմանը պաշտպանելն է, այլ ոչ թե հարձակողական գործողություններ իրականացնելը։ Եթե որոշումն ընդունվեր երկկողմանի, նախապես պայմանավորվելով ժամկետների մասին, այն հնարավոր կլիներ գնահատել որպես խաղաղության պահպանմանն ուղղված քայլ։

«Դա թույլ կտար բացառել այն ամենը, ինչ տեղի է ունեցել սահմանին այս տարիների ընթացքում։ Համոզված եմ` օգուտն ավելի մեծ կլիներ։ Այս դեպքում, ես չգիտեմ Ադրբեջանի մտադրությունների մասին։ Նախևառաջ, այն պատճառով, որ միակողմանի կարգով սահմանապահ զորքերով սահմանի պաշտպանության անցում չի լինում, և ես անձամբ դա բացառում եմ», – նշեց Ստեփանյանը։

Նրա խոսքով` դժվար է պատկերացնել բանակ` մի կողմից և սահմանապահ զորքեր` մյուս։ Նշանակում է, որ այնտեղ սահմանապահ զորքերից միայն անունն է լինելու, իսկ իրականում նույն ադրբեջանական բանակն է լինելու, նույն դիրքերում։

Նա համոզված է, որ Ադրբեջանը, սովորական սահմանապահ զորքեր տեղադրելով, չի թուլացնի նման կարևոր ռազմավարական ուղղության պաշտպանությունը։ Գուլիևը նշում է միայն Հայաստանի հյուսիս–արևմուտքին սահմանակից երկու շրջանների սահմանները։ Իսկ ինչո՞ւ չի խոսվում Նախիջևանի հետ սահմանի մասին։

Նման պայմաններում հայկական կողմը իրավունք չունի դրական միտում տեսնելու։ Առավել ևս, որ հաղորդագրության մեջ ասվում է. «Ադրբեջանն այդ ճանապարհով մտադիր է նոր պահուստներ ձևավորել»։

«Չեմ բացառում, որ սա մեծ քաղաքականության մի «խաղ» է, և այդ ամենի հետևում ինչ–որ վատ բան կարող է թաքնված լինել», – նշեց Ստեփանյանը։

Բացի Ղազախի և Աղստևի հատվածից, Հայաստանի հետ սահմանակից են նաև Ադրբեջանի Թովուզի, Գեդաբեյի և Դաշքեսանի շրջանները։

armeniasputnik.am



Նման նյութեր