«Դուք հո ջայլա՞մ չեք, որ անտեսում եք այս սպանդը…». vesti.am
Advertisement 1000 x 90

«Դուք հո ջայլա՞մ չեք, որ անտեսում եք այս սպանդը…». vesti.am

Կրկին Երևանի փողոցներում, բակերում, սուպեր ու մինի մարկետների պատերի տակ, կանգառներում ու անցումներում սիգի անվերահսկելի վաճառք է, վաճառք էլ չէ, վայրենի խրախճանք, որովհետև այդ ձկնատեսակն այս օրերին գտնվում է բազմացման շրջանում: Վաճառում են ձուկը ու դրա ձկնկիթը «շան մսի» գնով ու ոչ մեկի մտքով չի անցնում դրա դեմն առնել:

Ամեն տարի նույն պատկերն է, ամեն տարի հասարակությունն ու լրատվամիջոցներն ահազանգում են, բայց սայլը տեղից չի շարժվում:

Ավելի մեծ հանցանք բնության նկատմամբ, քան բազմացման շրջանում կենդանու կամ ձկան որսը, չի լինում: Ու քանի որ դա իսկապես հանցանք է, ապա ենթադրվում է, որ պետք է պատժվի, իսկ պատժելու համար հարկավոր է նախևառաջ հանցագործի ձեռքը բռնել:

Մի տարօրինակ զուգադիպությամբ ամեն տարի այս օրերին մեր ոստիկանները, բնապահպանական տեսուչներն ու մյուս պատկան մարմինները չեն կարողանում բռնել այդ անորսալի որսագողերին: Ամենուր ձուկը վաճառվում է, բայց թե ինչպես են այն որսում կամ տեղափոխում, ոչ ոք չգիտի:

Ամենայն հավանականությամբ, Սևանի որսագողերը ոչ միայն սուզանավ ունեն, որ չեն երևում, այլև թռչող ափսեներ, որոնցով ակնթարթորեն բերում, հասցնում են շուկա:

Հարգելի պատասխանատու կառույցներ, դուք այնքան բազմաթիվ եք, որ չգիտեմ էլ որ մեկիդ կոնկրետ դիմեմ, այս ամենի վերջը լինելո՞ւ է: Դուք հո ջայլա՞մ չեք, որ անտեսում եք այս սպանդը:

Մի հետաքրքիր պատճառաբանություն են հորինել, թե փողոցում վաճառողը պատասխանատու չէ որսագողության համար: Նույն տրամաբանությամբ գողոնը վաճառողն էլ պատասխանատու չէ հանցանքի համար, բայց գողի հետ հավասար պատասխանատվություն է կրում օրենքի առաջ: Ինչո՞ւ այս դեպքում չի գործում նույն սկզբունքը: Կարդում եմ բնապահպանության նախարարության լրահոսը, թե «էսքան դեպք ենք հայտնաբերել, էնքան տուգանք ենք կիրառել, եսիմ ինչքան էլ պետբյուջե ենք մուծել», ու ոչ մի տող ձկանագողերի մասին:

Նախկինում գոնե մի տողով գրում էին, թե «էսինչ տեղում էսքան հատ տիրազուրկ սիգ տեսակի ձուկ ենք հայտնաբերել»:  Պատկերացնո՞ւմ եք, տիրազուրկ, այսինքն «Պռոսպեկտի շուկայի» մոտ, օրը ցերեկով, մայթին սիգն անտեր թափված է, իրենք էլ միամիտ հայտնաբերել են: Հիմա դա էլ չկա, ընտրությունները եղել, անցել են, էլ ոչ մեկին հետաքրքիր չի, թե ինչ է կատարվում երկրում:

Հիմա՝ ըստ պատկանելության.

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան, ճիշտ ժամանակն ու դեպքն է, երբ անհրաժեշտ է ոմանց բռնել ու ասֆալտին փռել:

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյան, Ձեր գերատեսչությունում էդպես էլ չի՞ գտնվելու մի մասնագետ, որ հուշի այս շրջանում արդյունագործական ձկնորսության աննպատակահարմարության մասին, նախարարությունը մտածո՞ւմ է Սևանի էկոհամակարգի մասին, թե՞ այս երկրում միայն Ամուլսար կա:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյան, որ օրինավոր որսորդների առաջ որսասեզոնը փակելու ցանկություն էիք հայտնում, այսպե՞ս էիք վերահսկելու: Ձեր կառույցի գոյության նպատակահարմարությունն ու օգտակար գործողության գործակիցն այսքա՞ն է:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան, որպես բնապահպանության նախկին փոխնախարար ու Սևանի պահապան մարզպետ, Դուք ոչ մի անելիք չունե՞ք, թե՞ ընտրողի ձայնը Սևանից թանկ է:

Հ.Գ.

Որ անկեղծ լինեմ, ոչ մի պատասխան էլ չեմ ակնկալում, որովհետև բոլոր պատասխաններն անգիր գիտեմ: Բայց պատասխանեք, հնարավոր է նոր օրիգինալ մտքեր հնչեն:

Էդուարդ Սարիբեկյան

vesti.am