Իսպանացի հանրահայտ մարզիչ Խինես Մելենդեսը հունվարի 1-ից կստանձնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը: Ինչպես տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, Մելենդեսը համակարգելու է ինչպես Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների աշխատանքը, այնպես էլ մշակելու է մանկապատանեկան ֆուտբոլի, կանանց ֆուտբոլի և ֆուտզալի զարգացման ծրագրային քաղաքականությունը: Մելենդեսի տեխնիկական անձնակազմում կընդգրկվեն նաև երկու իսպանացի մասնագետներ, որոնցից մեկը պատասխանատու կլինի մարզչական կրթության համակարգի, իսկ մյուսը՝ մանկապատանեկան թիմերի ֆիզպատրաստության համար:
Խինես Մելենդեսը ծնվել է 1950 թ. մարտի 22-ին:
Մարզչական կարիերան սկսել է «Ալբասետե» ակումբում՝ հետագայում զբաղեցնելով տարբեր պաշտոններ ակումբի համակարգում:
2008 թվականից ՈՒԵՖԱ-ի, 2011 թվականից ՖԻՖԱ-ի տեխնիկական հրահանգիչ է:
2011-2018 թթ. զբաղեցրել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի և ազգային հավաքականների համակարգողի պաշտոնը:
Այդ ընթացքում Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականները 7 անգամ նվաճել են տարբեր մրցաշարերի չեմպիոնի կոչումը, ևս 3 անգամ՝ դարձել արծաթե մեդալակիր:
Մարզչական կրթության ոլորտում աշխատելուց բացի, նա գլխավորել է նաև Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականները, որոնց հետ հասել է ֆուտբոլի պատմության ընթացքում բացառիկ հաջողությունների` մասնավորապես, 6 անգամ իր թիմերի հետ դառնալով Եվրոպայի չեմպիոն (Մ-17, Մ-19):
Խինես Մելենդեսն Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականներում մարզել է այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Չավի Էռնանդեսը, Անդրես Ինիեստան, Իկեր Կասիլյասը, Դավիդ Վիլյան, Սեսկ Ֆաբրեգասը, Խուան Մատան, Ժեռար Պիկեն, Իսկոն և այլոք: