ԱՄՆ-ի նկատմամբ ճապոնացիների վստահությունն ընկել է մինչև ռեկորդային ցածր ցուցանիշ
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ի նկատմամբ ճապոնացիների վստահությունն ընկել է մինչև ռեկորդային ցածր ցուցանիշ

ԱՄՆ-ի քաղաքականությանը վստահող ճապոնացիների թիվն ընկել է մինչև ռեկորդային ցածր ցուցանիշ: Այդ մասին վկայում են դեկտեմբերի 19-ին հրապարակված հարցման տվյալները, որը հեռախոսով անցկացվել է ճապոնական Yomiuri թերթի և Gallup ամերիկյան սոցիոլոգիական ծառայության կողմից:

Ըստ հետազոտության տվյալների, ԱՄՆ-ի քաղաքականության նկատմամբ իրենց վստահության մասին հայտարարել են Ճապոնիայի հարցված քաղաքացիների միայն 30 տոկոսը: Դա, ինչպես նշում է Yomiuri թերթը, ամենացածր ցուցանիշն է 2000 թվականից ի վեր նմանօրինակ հարցումների անցկացման ողջ ժամանակաշրջանում: Նրա կարծիքով՝ վստահության անկման գլխավոր պատճառը դարձել է այն ճնշումը, որը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ճապոնիայի վրա գործադրում է տնտեսական հարցերում՝ նրանից պահանջելով կրճատել ամերիկյան դեֆիցիտը հեռավորարևելյան դաշնակցի հետ առևտրում: Հետազոտության ճապոնացի մասնակիցների 75 տոկոսն այդ կապակցությամբ հայտարարել է, որ չհիմնավորված է համարում Վաշինգտոնի նման դիրքորոշումը: Միևնույն ժամանակ ճապոնացի հարցվածների 64 տոկոսն այն կարծիքին է, որ Միացյալ Նահանգների հետ ռազմական դաշինքը կարևոր ավանդ ունի Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում:

Հարցումը նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 2-ը պատահական ընտրանքի մեթոդով անցկացվել է ստացիոնար և շարժական հեռախոսներով: Ճապոնիայում դրան մասնակցել է 1036 մարդ:



Նման նյութեր