Ալյուրի գինը թելադրողի դերում Սամվել Ալեքսանյա՞նն է. ՏՄՊՊՀ-ն կպարզի՝ ինչու է թանկացել հացը. galatv.am
Advertisement 1000 x 90

Ալյուրի գինը թելադրողի դերում Սամվել Ալեքսանյա՞նն է. ՏՄՊՊՀ-ն կպարզի՝ ինչու է թանկացել հացը. galatv.am

Վերջին օրերին 10-20 դրամով թանկացել է հացը: Որպես կանոն՝ առաջին անհրաժեշտության այս ապրանքատեսակի թանկացումից հետո տեղի է ունենում շղթայական ռեակցիա, և բարձրանում են նաև մյուս ապրանքատեսակների գները: Մամուլում շրջանառվում է այն տեղեկությունը, որի համաձայն՝ ալյուրի գինը թելադրողի դերում է Սամվել Ալեքսանյանը: Նա բարձրացրել է ալյուրի գինը՝ մյուս տնտեսվարողներին ևս պարտադրելով դա անել:

Լրատվամիջոցների հրապարակումներն արդեն պետք է հիմք դառնան ՏՄՊՊՀ-ի համար՝ ուսումնասիրություններ կատարելու տվյալ շուկայում: Եվ ուրեմն՝ արդյոք հանձնաժողովը չի ուսումնասիրում ալյուրի շուկան: Այս հարցը ԳԱԼԱ-ն ուղղել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանին: Նա ասաց, որ ՏՄՊՊՀ-ն դեռ անցած շաբաթվանից սկսել է ալյուրի շուկայի լայնածավալ ուսումնասիրությունը, սակայն դրա համար մամուլի հրապարակումները չէ, որ հիմք են դարձել: Հանձնաժողովը հացի թանկացումն արձանագրել էր ավելի վաղ՝ հերթական մոնիտորինգից հետո: Եվ քանի որ հացի շուկայում կան գերիշխող տնտեսվարողներ, ուստի այն հայտնվել է հանձնաժողովի ուսումնասիրության տիրույթում:

Ներկրող ու արտադրող ընկերություններից պահանջել են անհրաժեշտ տեղեկատվությունը, զուգահեռաբար ուսումնասիրում են նաև միջազգային գները: Աշխատանքը պետք է ավարտեն հնարավորինս արագ: Եթե պարզվի, որ գների բարձրացումը հիմնավորված չէ, ապա անհիմն թանկացման հեղինակ տնտեսվարողները կենթարկվեն օրենսդրությամբ սահմանված վարչական պատասխանատվության: Որպես կանոն՝ դրան էլ պետք է հետևի հացի գների նվազումը:

galatv.am