Հայաստանում գործող «Մտավոր թվաբանության» ուսումնական կենտրոնի երեխաներն իրենց բեմադրած ներկայացման ողջ հասույթը փոխանցեցին «Նվիրիր կյանք» հիմնադրամին: Այս մասին դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած ներկայացման շրջանակում հայտնեց կենտրոնի տնօրեն Նելլի Մովսեսյանը:
«Ներկայացումը նվիրված է աշխարհի բոլոր փոքրիկներին։ Ներկայացումը նախաձեռնելիս որոշեցինք ամբողջ հասույթը փոխանցել օնկոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաներին»,- ասաց նա:
«Մտավոր թվաբանությունը» հատուկ ծրագիր է, որն օգնում է երեխաներին շատ կարճ ժամանակահատվածում մտքում կատարել բարդ թվաբանական հաշվարկներ:
«Այն նորություն է Հայաստանում, բայց աշխարհում մեծ ճանաչում ունի: Այն հավասարաչափ զարգացնում է երեխայի ուղեղի երկու կիսագնդերն, ու ապացուցված է, որ այնպիսի հանճարների ֆենոմենը, ինչպիսին Էյնշտեյնն է, պայմանավորված է հենց երկու կիսագնդերի զարգացածությամբ: Մենք երեխաների մոտ զարգացնում ենք արագությունը, կենտրոնացումը, արագ կողմնորոշվելու ունակությունը, դրա արդյունքը լինում է այն արագ հաշվարկը, որը տեսնում ենք»,- նշեց Մովսեսյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ իրենք այժմ ուսումնասիրում են «Մտավոր թվաբանության» մեթոդը:
«Մենք հիմա նոր ծրագրեր ենք մշակում, և ուսուցման նոր մեթոդներ ենք ուսումնասիրում: Բոլոր այս մեթոդները դպրոցում կիրառելու ու ներդնելու առումով մեզ հետաքրքիր են: Մաթեմատիկան դպրոցում ամենակարևոր առարկաներից մեկն է, եթե ոչ ամենակարևորը՜ Այս մեթոդը կուսումնասիրենք և համապատասխան եզրակացությունից հետո կքննարկենք դրա կիրառելիության ու ներդրման հարցը, քանի որ հայտարարել ենք դպրոցներում բոլոր ծրագրերի վերանայման մասին»,- ասաց Հարությունյանը:
Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը: