Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եկեք քաղաքական միֆերը թողնենք մի կողմ ու վերադառնանք իրականություն: Սփյուռքը երբեք չի կարող վճռական նշանակություն ունենալ Հայաստանի զարգացման գործում, ավելին՝ Ադրբեջանի հարուստ բնական պաշարների ու Վրաստանի նպաստավոր աշխարհագրական դիրքի կողքին հայկական սփյուռքի գործոնը որպես համարժեք ռեսուրս ներկայացնելը պարզապես խաբկանք է:
Եկեք չմոլորեցնենք հայաստանցիներին: 30 տարի մոլորեցրել ենք՝ արտաքին աշխարհից խաչակրաց արշավանքի պատրանքի հույսեր տալով: Խաչակրաց արշավանքի տակ կարող եք հասկանալ և՛ տնտեսական ներդրումներն ու ֆինանսական օգնությունը և՛ պատերազմական իրավիճակներում մարդկային ռեսուրսներ տրամադրելը:
Իհարկե օգնություն միշտ էլ եղել է, ինչպես ներդրումների, այնպես էլ բարեգործության տեսանկյունից: Իսկ Արցախյան պատերազմի դաշտային հրամանատարների շարքում իրենց արժանի տեղն են զբաղեցնում նաև արտերկրի մեր հայրենակիցները:
Բայց սա փոքրիկ ռեսուրս է, որը դժվար թե երբեևէ զգալիորեն մեծացնի իր ծավալները: Հիմնադրամների հանգանակած գումարները չեն գերազանցելու մի քանի տասնյակ միլիոնը, ակնկալվող ներդրումային պայթյունը վերջում սահմանափակվելու է մի քանի տասնյակ հաջողված կամ էլ ձախողված պրոյեկտներով, իսկ պատերազմի ժամանակ արտերկրից ժամանած կամավորների թիվը չի գերազանցելու հարյուրը: Իրավիճակն այս ավելի քան օրինաչափ է և տրամաբանական:
Ի վերջո պետք է հասկանանք, որ աշխարհով մեկ սփռված գաղթօժախները Հայաստանի Հանրապետության գաղութները չեն: Դրանք բազմաշերտ, բարդ կառուցվածք ունեցող ու երբեմն էլ տարերային գործող համայնքներ են: Արտերկրում ապրող հայերը ուրիշ երկրների քաղաքացիներ են, նրանք ունեն իրենց կյանքը, հոգսերը, խնդիրներն ու տարատեսակ հետաքրքրությունները:
Այսինքն համաշխարհային ազգ եզրույթը որպես այդպիսին փուչիկ է, որը ամեն պահ կարող է պայթել՝ հայաստանցիներին կանգնեցնելով կոտրած տաշտակի առջև:
Տարընթերցումներից խուսափելու համար ստիպված եմ նորից կրկնել, որ ես ամենևին էլ չեմ թերագնահատում սփյուռքի դերը: Իհարկե այն որպես տարասեռ միավորների ամբողջություն կարևոր առաքելություն ունի, որը պետք է դրսևորվի տարատեսակ ամբիոններում հայկական շահերը պաշտպանելու և լոբբինգ անելու համատեքստում:
Բայց խոսքը սրա մասին չէ, այլ՝ Հայաստանի ներքին զարգացման ու անվտանգության ապահովման հեռանկարների: Այս համատեքստում սփյուռքը չափազանց քիչ անելիքներ ունի և չի էլ կարող ավելիին ձգտել:
Հայաստանցիները պետք է հասկանան, որ այդ բարդ առաքելության միակ ու բացառիկ հասցեատերը հենց իրենք են ու միայն իրենք: Այդ բարդագույն ճանապարհին ոչ մի էական աջակցություն ու օգնություն չի լինելու: Հայաստանի քաղաքացին ինքն է կառուցելու իր ապագան՝ իր սահմանափակ ռեսուրսների ու փորձառության հաշվին:
Մենք պետք է փորձենք աստիճանաբար հրաժարվել համաշխարհային ազգի անորոշ ու լղոզված պատրանքից: Ադրբեջանական նավթի ու վրացական աշխարհագրական դիրքի կողքին պետք է շատ ավելի կենսունակ ու մրցունակ արժեքներ դրվեն: Իսկ ազգային զարթոնքի համար պետք է նոր ու կենսունակ գաղափարներ ստեղծվեն: Գաղափարներն այդ պետք է լինեն իրական, տեսանելի ու շոշափելի:
Մենք իրավունք չունենք մեր քաղաքացիներին տանել պատրանքների ճանապարհով»:
Եկեք քաղաքական միֆերը թողնենք մի կողմ ու վերադառնանք իրականություն: Սփյուռքը երբեք չի կարող վճռական նշանակություն…
Gepostet von Կարպիս Փաշոյան am Samstag, 22. Dezember 2018