Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սա էլ իմ տոնածառն է ընկերներ, ծանոթացեք, մի քիչ գզգզված է, բայց էս էլ իմ ստեղծածն է, հալալ քրտինքով: Շատ եմ տանջվել գծելու և զարդարելու համար: Սա օրենքով է, ընկերներ, օրենքով է ստացվում այնպես, որ մայրաքաղաքը, որ բոլորս այդպես սիրում ենք, չնչին ընկնող բյուջեով մարզկենտրոն քաղաքների և այլ համայնքների համանման ցուցանիշներից միջին հաշվով 3 անգամ շատ փող ունի: Այսինքն, եթե Իջևան քաղաքում ասֆալտի կամ աղբահանության համար յուրաքանչյուր միջին քաղաքացու համար բյուջեից ծախսվում է X դրամ, ապա Երևանում համայնքային բյուջեից կա այս գործերի համար ծախսելու իր յուրաքանչյուր քաղաքացու հաշվով եռապատիկ գումար: Անշուշտ, սա լավ է մայրաքաղաքի և իր բնակիչների համար: Չէ, սխալ ասացի, այսպես` սա երեք անգամ ավելի լավ է մայրաքաղաքի և իր բնակիչների համար: Հիշեցնեմ` սա օրենքով է, այս տոնածառներս լիովին օրինական են, հենված են ՏԻՄ և ԱՎԾ պաշտոնական թվերի վրա: Կարող եք դուք էլ փորձել, նույն բանն եք ստանալու: Համահարթեցման մասին օրենքով, այլ իրավական ակտերով և Հայաստանի ԱՆՀԱՄԱՉԱՓ, հետևողականորեն ԱՆՀԱՄԱՉԱՓ զարգացման հետևանքով էս տեսակ տոնածառ է ստացվում: Ասում են, որ Երևանը հարուստ քաղաք է և դրա շնորհիվ է այդպես ստացվում: Գիտե՞ք` ճիշտ են ասում: Ուղղակի շարունակությունը չգիտեն, իսկ ես գիտեմ: Պատմեմ… Նույն այս դիագրամների տարիներին Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով բոլոր մարզկենտրոններում մշտական բնակչությունը նվազել է, պակասել է, շարունակ և հետևողականորեն, միայն մեկ մարզկենտրոնում է երկու տարի մնացել նույնը, հետո նվազել է, իսկ Երևանում աճել է հետևողականորեն: Աճում է բնակչությունը, աճում է քաղաքը, աճում են համայնքային եկամուտները, աճում է դոտացիան և վերջում ստացվում են այս նկարների տոնածառները: Թույլ կտա՞ք հիշեցնել, որ բոլոր այդ տարիներին Հայաստանի բնակչությունը նվազել է տարեկան 30-40 հազար մարդով, այսինքն, Հայաստանի բնակչության անկումը եղել է ոչ թե տարածքային համաչափությամբ, այլ մարզերի հաշվին, աճող մայրաքաղաք, հյուծվող մարզեր: Սա նախկին իշխանությունների դիտավորյալ կամ անմեղսունակ պատկերն է: Հետոն պատմե՞մ… Հետո այս տոնածառերի փեշերն ավելի շատ են մեծանալու, իսկ միջին և վերին մասերը էլի նվազելու են, նիհարելու են, դառնա՝ «պոլի չոտկ» որովհետև, երբ նվազում է բնակչությունը, քաղաքը/համայնքը խեղճանում է, թուլանում է, եկամուտները նվազում են, դոտացիան պետական բյուջեից նվազում է (այդպիսին է օրենքով սահմանված բանաձևը) և այլն: Հետո, երբ քաղաքը թուլանում է եկամուտներով (ասենք՝ կոռուպցիա չկա, բոլորը հալալ են աշխատում), համայնքային ենթակառուցվածքները, նախակրթարանները, ծառայություններն սկսում են թուլանալ, համայնքը դառնում է պակաս բարենպաստ ապրել-աշխատելու համար, էլ ավելի է աճում արտագաղթը. մարդը կենսաբանական օրգանիզմ է հայ և հայաստանյաց ժողովուրդ լինելուց առաջ, գնում է այնտեղ ապրելու, որտեղ կենսաբանական պայմաններն ավելի լավն են: Այս տոնածառերի և դրության մասին երկու տասնամյակից ավելի խոսել ու գրել եմ, հանդիպել ու բացատրել եմ, պահանջել ու պնդել եմ, վերջին ամիսներին էլ եմ խոսել ու գրել: Նախկին իշխանությունները շարունակ խոսել են ու թմբկահարել են, թե տարածքային համաչափ զարգացումը Հայաստանի զարգացման ուղենիշներից մեկն է, ճամարտակել են էլ՝ դու սուս, թե Երևանում է կենտրոնացված ամեն ինչ, հարկավոր է ապակենտրոնացնել ու վերջում ստացել ենք էս տոնածառները, վերջում ստացել ենք շատ հետաքրքիր բաներ, ասեմ իմանաք` մութը չմնաք:
Երևանում այդ «համաչափ զարգացման» շնորհիվ մանկապարտեզները ձրի են արդեն 7,5 տարի իսկ մնացած համայնքներում, որտեղ մանկապարտեզ կա՝ փողով են, 4000-8000 դրամ/ամսական վարձով, իսկ համայնքների 80%-ում մանկապարտեզ ընդհանրապես չկա: Բա, օրինակ ի՞նչ կարիք կա Քաշունի գյուղում մանկապարտեզ ունենալու: Հա հետո՞ ինչ-որ սահմանադրության մեջ գրած է, թե բոլորս հավասար ենք մեր հիմնարար իրավունքներով: Բա հո չէ՞ին գրելու խոշոր քաղաքներում բոլորը հավասար իրավունք ունեն մանկապարտեզի, իսկ փոքր համայնքներում մի քիչ հավասար, իսկ Երևանում՝ անվճար, բայց հավասար…: Էս այլանդակությունը, որին ես հայկական ապարտեիդ եմ ասում, ու, որի համար ինձ ընկերներս դիտողություն են անում, թե թունդ եմ ասում, 10-15 տարի հետո հետևյալ սեգրեգացիան կամ զատումն է առաջացնելու` երիտասարդների մի մասը կրթության անհավասար հասանելիության բերումով աշխատելու են գրասենյակներում՝ ճերմակ օձիքներով, բիզնեսմեն ու կառավարիչներ են լինելու, մյուս մասը լինելու են կթվորուհիներ, հովիվներ, բեռնակիրներ, բանվորներ ու շատ-շատ վարորդներ: Ամեն մեկն ըստ կարողության՝ կասեք: Չէ, դա թերի միտք է, պատճառը բազային կրթության անհավասար մատչելիությունն է, ոչ թե տաղանդը կամ պապոնց փողերը: Դպրոց- համալսարանների հասանելիության մասին չխոսեմ: Էս տոնածառն ուրիշ պտուղներ էլ ունի: Շատ պտուղներ ունի, բայց մեկն էլ ասեմ` 2013-2017թթ. Երևանի ավագանու որոշմամբ, ավագանու ԲՈԼՈՐ անդամները իրենց, իբր կատարած ծախսերի համար համահավասար փոխհատուցում են ստացել Երևանի բյուջեից, 4 տարում ավելի քան 150 մլն դրամ, իսկ խոշորացված համայնքների այն ավագանու անդամները, որոնք կենտրոն բնակավայրում չեն ապրում, իրենց գյուղից ավագանու նիստերին գնալ-գալու համար իրենց գրպանից են ծախսում, փոխհատուցման համար համայնքի բյուջեն փող չունի: Չհարցնեք, թե Երևանի ավագանու անդամներն ինչ ծախսերի համար են փոխհատուցում ստացել ամսական 50.000 դրամ, չգիտեմ, ոչ ոք չգիտե, Պարոն Պարոնն էլ չգիտեր, տվել էր, բայց չգիտեր որ ծախսի համար է տվել, դատախազությունն էլ չի ուզում իմանալ, առեղծված է, անունը «փոխհատուցում», իրականում՝ շաբաշ: Հիմա ժամանակն է համայնքային այս անհավասարության խնդիրը լուծելու: Սա քաղաքական խնդիր է, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման քաղաքականության խորքային վերանայման կարիքը վաղուց է հասունացել, հարկավոր է վերացնել տարածքային անհամաչափ զարգացվածությունը, կամ զարգացման անհամաչափությունը, որը բազմաթիվ խնդիրների հետևանքով է առաջացել և բազմաթիվ խնդիրներ է հարուցում ու բարդացնում: Հայաստանի ճլորած ոտուձեռով և ուռած գլխով անհասկանալի էակի հեռանկարը պետք հրատապ խափանել: Թե չէ՝ բալը թանկ էր, առել անցել եք…»: