1788թ. փետրվարի 22-ին ծնվել է իռացիոնալ փիլիսոփայության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը` Արթուր Շոպենհաուերը: Նրա գլխավոր ստեղծագործությունը «Աշխարհը` որպես կամք և ներկայացում» աշխատությունն է, որում մեծ փիլիսոփայի կողմից կատարվել է մարդու կամքի մետաֆիզիկական վերլուծությունը: Այս գործը հսկայական ազդեցություն է գործել Ֆրիդրիխ Նիցշեի, Լև Տոլստոյի, Զիգմունդ Ֆրեյդի, Կարլ Յունգի և 19-րդ ու 20-րդ դարերի այլ առաջավոր մտածողների վրա:
Սակայն ընթերցողների շրջանում նրա ամենաճանաչված գործը «Կենսական իմաստնության աֆորիզմները» գիրքը դարձավ: Այս ինքնատիպ կյանքի դասագրքում Շոպենհաուերը հեռացավ իրեն հատուկ հոռետեսությունից ու մարդու գոյությանը նայեց էպիկուրիականների փիլիսոփայության տեսանկյունից: Ստորև կներկայացնենք 12 ձևակերպումներ այդ գրքից:
Երբեմն մեզ թվում է, թե մենք կարոտում ենք մի ինչ-որ հեռավոր վայր, սակայն իրականում մենք կարոտում ենք այն ժամանակը, որը մենք անցկացրել ենք այնտեղ` լինելով ավելի երիտասարդ ու առույգ, քան այժմ: Այդպես է մեզ խաբում ժամանակը տարածության դիմակի ներքո:
Հարստությունը նման է աղի ջրի: Որքան շատ ես այն խմում, այնքան շատ է տանջում ծարավը: Դա վերաբերում է նաև փառքին:
Նորմալ, միջին վիճակագրական մարդը ստիպված է կենսական վայելքներն իրենից դուրս փնտրել` պաշտոնի, կնոջ և երեխաների, ընկերների, հասարակության և այլ բաների մեջ, և նրանց վրա կառուցել սեփական երջանկությունը: Այդ պատճառով էլ երջանկությունը կործանվում է, եթե նա դրանք կորցնում է կամ խաբվում: Նրա դրությունը կարելի է ներկայացնել հետևյալ բանաձևով` նրա ծանրության կենտրոնն իրենից դուրս է: Այդ պատճառով էլ նրա ցանկություններն ու քմահաճույքներն անընդհատ փոխվում են, եթե հնարավորությունները թույլ են տալիս: Նա գնում է ամառանոց, ձիեր, մեկ տոնակատարություններ ու շրջագայություններ է կազմակերպում, և, ընդհանրապես, շքեղ կյանք վարում: Հաճույքներ նա փնտրում է շրջապատում, ինչպես հիվանդն է հույս ունենում դեղերի մեջ առողջություն գտնել, որի իսկական աղբյուրը, սակայն, իր կենսական ուժն է:
Հանգիստ, ուրախ խառնվածքը, որը կատարյալ առողջության ու ուժեղ օրգանիզմի գրավականն է, պարզ, կենդանի, ճկուն և ճիշտ դատող միտքը, կամքի ուժն ու մաքուր խիղճը. ահա այն շնորհները, որոնց փոխարինել չեն կարող ոչ մի պաշտոն ու գանձ:
Ցանկացած խելք աննկատ է մնում խելք չունեցողի կողմից:
Աշխարհը, ուր ապրում է մարդը, կախված է նախ և առաջ այն բանից, թե ինչպես է այն տվյալ մարդը հասկանում, հետևաբար՝ նրա ուղեղի հատկությունից: Դրան համապատասխան` աշխարհը մեկ աղքատ, ձանձրալի ու ստոր է թվում, մեկ, ընդհակառակը, հարուստ, մեծություններով ու հետաքրքրություններով լի:
Միջին վիճակագրական մարդը մտահոգված է նրանով, թե ինչպես սպանի ժամանակը, իսկ տաղանդավոր մարդը ձգտում է այն օգտագործել:
Ոգևորությամբ «պատիվը կյանքից առավել է» բացականչելը նշանակում է՝ ըստ էության պնդել, թե մեր կյանքն ու հաճույքները ոչինչ են: Էականն այն է, թե ինչ են մտածում մեր մասին ուրիշները:
Խելացի մարդը միայնության մեջ հիանալի զբաղմունք կգտնի իր մտքերում ու երևակայության մեջ այն դեպքում, երբ նույնիսկ զրուցակիցների, ներկայացումների, ուղևորությունների անընդհատ փոփոխությունը հիմարին չի պաշտպանի իրեն տանջող ձանձրույթից:
Զրույցի ընթացքում պետք է ձեռնպահ մնալ ցանկացած քննադատական, թեկուզև՝ բարյացակամ նկատողություններից, քանի որ մարդուն վիրավորելը հեշտ է, իսկ այն ուղղելը` դժվար, եթե չասենք՝ անհնարին:
Ձգտումներով և հույսերով, այսինքն՝ ապագայով ապրող, միշտ առաջ նայող ու անհամբերությամբ սպասվելիք իրադարձություններին ընդառաջ գնացող (ասես այդ իրադարձությունները նրանց իրապես երջանիկ են դարձնելու) և դրանով իսկ ներկան, առանց իրենով հիանալու, բաց թողնող մարդիկ, չնայած նրանց դեմքերի լրջությանը, նման են այն ավանակներին, որոնց Իտալիայում ստիպում են արագ գնալ` նրանց գլխին ամրացված փայտի ծայրին ծղոտի խուրձ կախելով, որը նրանք տեսնում են իրենց դիմաց ու արագ են գնում` հուսալով հասնել այդ խրձին:
Ամենաէժան հպարտությունն ազգային հպարտությունն է: Այն դրանով վարակված մարդու մեջ բացահայտում է անհատական որակների պակաս, որոնցով նա կկարողանար հպարտանալ: Չէ՞ որ հակառակ դեպքում՝ նա չէր դիմի նրան, ինչը նաև միլիոնավոր մարդկանց է պատկանում՝ իր ազգությանը: Նա, ով նշանակալից անհատական արժանիքներ ունի, անընդհատ հետևելով իր ազգին, նախ՝ կնկատի նրա թերությունները: Սակայն նվաստ ու ապաշնորհ, հպարտանալու ոչինչ չունեցող մարդը կառչում է հպարտության միակ հնարավոր առարկայից ու սկսում է հպարտանալ իր ազգությամբ: Նա պատրաստ է կրծքով պաշտպանել նրա թերություններն ու հիմարությունները:
Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը