Ռոբերտ Քոչարյանի գրքով մի շարք դիմակներ են պատռվելու, արդեն հրապարակված մի քանի էջում ակնհայտ է դա։ Բայց որ գրքով պատռվելու են դիմակներ նաև գրքից դուրս, ա՛յ դրա մասին չէինք մտածել։
Բավականին տարօրինակ է գրառումը, որը կատարել է նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։ Ոչ երկար գրառումից մեկ կարճ կտորի ենք ուզում անդրադառնալ, որտեղ Արամ Սարգսյանը դիմում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ «Ընկեր էիք, ու անգամ հորինածումդ չես թաքցնում, որ զզվում էիր Վազգենի շրջապատում եղած մարդկանցից, որ սխալ էիր համարում Վաղոյի, Շիրխի ու մնացածի նշանակումները»։
Արամ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի երկրպագուն չէ, դա, իհարկե, հասկանալի է, բայց պահեր կան, երբ պարզապես կարելի է լռել, քան հակադիր ձևանալով՝ քեզ դնել ծիծաղելի դրության մեջ։
Ռոբերտ Քոչարյանն իր գրքի՝ Հոկտեմբերի 27-ին վերաբերող հատվածում նշում է, որ այն ժամանակ, երբ ԱԺ-ում ահաբեկչություն էր եղել, սպանվել էին 8 հոգի, այդ թվում՝ ՀՀ վարչապետն ու ԱԺ նախագահը, ՊՆ-ում խորհրդակցում են և իրար մեջ պաշտոն բաժանում.
«Կարմիր գրիչով այդ թղթի վրա գրված էին բոլոր առանցքային պաշտոնները: Այսպիսի դասավորություն էին մտածել. պաշտպանության նախարարը մնում է իր տեղում: Նրա եղբայրը, որ մեր ԱԻՆ-ում էր աշխատում, դառնում է անվտանգության նախարար: Արտադրական ենթակառուցվածքների նախարար Շիրխանյանն իր համար ընտրել էր վարչապետի պաշտոնը: Ի դեպ, Շիրխանյանի մասին Վազգենին մի քանի անգամ ասել էի. «Չե՞ս տեսնում, որ նա խարդախ ու բանսարկու է: Ի՞նչ ես գտել դրա մեջ»: Հետո ցուցակում դատախազի պաշտոնին Գագիկ Ջհանգիրյանն էր, իսկ փոխվարչապետի տեղին աչք էր դրել Անդրանիկ Քոչարյանը: Մի խոսքով, արդեն ամեն ինչ մեջ-մեջ էին արել:
Ու ես պայթեցի:
– Դուք պարզապես սրիկաներ եք: Դահլիճում դեռ վաթսուն մարդ ունեմ, դահլիճում դիակները դեռ չեն սառել, դուք արդեն պաշտո՞ն եք կիսում: Անասուննե՜ր:
Մի խոսքով, հայհոյելով դուրս արեցի»,- իր գրքում պատմել է Ռոբերտ Քոչարյանը:
Արամ Սարգսյանը, ըստ ինձ, պետք է սա ընթերցելով՝ հպարտություն զգացած լիներ, որ իր եղբոր դիակի կողքին նախագահն առևտուր չի արել Վազգեն Սարգսյանի «ընկերների» կամ «շրջապատի» հետ, և ավելին՝ պետք է նրանց ասելիք ունենար՝ իր եղբոր դիակի կողքին «առևտուր» անելու փորձի համար։
Գրքի այս հատվածը նորություն չէ, այդ մասին եղել են հրապարակումներ։
Զարմանալին Արամ Սարգսյանի արձագանքն է։ Վահան Շիրխանյանի և Վաղարշակ Հարությունյանի մասին գրում է մտերմի դիմելաձևով։ Երևում է, որ Արամ Սարգսյանը մինչև հիմա «Վազգենի շրջապատ» է համարում նրանց։ Բայց նա հենց առաջինը պետք է պատիվ պահանջեր այդ «շրջապատից»։
«Ընկեր էիք, ու անգամ հորինածումդ չես թաքցնում, որ զզվում էիր Վազգենի շրջապատում եղած մարդկանցից, որ սխալ էիր համարում Վաղոյի, Շիրխի ու մնացածի նշանակումները»,- ասում է Արամ Զավենիչը։ Իսկ կարմիր գրիչով գրված այդ թուղթն ապացուցում է Քոչարյանի՝ Շիրխանյանի մասին Վազգեն Սարգսյանին ասածի ճշմարտացիությունը։
Ուրեմն ինչ, Ռոբերտ Քոչարյանը դուրս է վռնդել Վազգեն Սարգսյանի հիշատակն անարգողներին, իսկ Արամ Սարգսյա՞նը ․․․
ՌԱՖԱՅԵԼ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ