«Իմ քայլը» գլխատված քանդակը Գյումրիից տեղափոխվել է Իջևան. shantnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Իմ քայլը» գլխատված քանդակը Գյումրիից տեղափոխվել է Իջևան. shantnews.am

«Իմ քայլը» քանդակը Գյումրիից տեղափոխվել է Իջևան: Քանդակի հեղինակը՝ Իջևանի բնակիչ, քանդակագործ Արմեն Դավթյանը, նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ օրեր առաջ անհայտ անձը կամ անձինք կոտրել էին քանդակի գլուխը: Իսկ ավելի վաղ ոտքի հատվածն էր վնասվել:

Հիշեցնենք՝ 2 մետր 20 սմ բարձրություն ունեցող «Իմ քայլը» քանդակը Գյումրի-Վանաձոր ճանապարհին տեղադրվել էր այս տարվա սեպտեմբերի 30-ին: Քանդակում պատկերված է Նիկոլ Փաշինյանն իր հայտնի ուսապարկով ու գլխարկով՝ այն նույն տեսքով, երբ Գյումրի քաղաքից  մարտի 31-ին արեց իր «առաջին քայլը»: Քանդակի համար տարածքը, ըստ էության, չէր վերահսկվում և պահպանության պարտավորություն ոչ ոք չէր կրում:

Քանդակագործի դուստրը՝ Անուշիկ Դավթյանը, SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ քանդակը տեղափոխվել է Իջևան, այն այժմ հեղինակի արվեստանոցում է:

«Այդ վայրում չկար մարդ, որը կհսկեր արձանը ու էլի հնարավոր էր՝ նորից վնասեին: Իմաստ չկար ամեն անգամ վերանորոգել: Դրա համար տարանք Իջևան: Հավանաբար կտեղադրվի Իջևանի մուտքի մոտ: Չգիտենք, թե ով է վնասել քանդակը: Երևի անադեկվատ մեկն է եղել: Ամեն դեպքում, վերջնական որոշումը եղավ տեղափոխումը, որովհետև դեպքերը կարող էին կրկնվել»,- տեղեկացրեց քանդակագործի դուստրը:

Այժմ ընթանում են քանդակի վերականգնման աշխատանքները, որից հետո այն կտեղադրվի Իջևանում:

shantnews.am