Գրիգորյանի դեմ ցուցմունք տալու համար ՀՀ ժամանած կինը զրկվել է աշխատանքից, գործն առաջ չի գնում
Advertisement 1000 x 90

Գրիգորյանի դեմ ցուցմունք տալու համար ՀՀ ժամանած կինը զրկվել է աշխատանքից, գործն առաջ չի գնում

Տարիներ առաջ Մանվելի «շնորհիվ» Հայաստանում կորցրել էինք մեր տունն ու ինչքը. վերադարձա վերագտնելու հավատ ու արդարություն, սակայն կորցրի աշխատանքս:

Ֆեյսբուքյան իր էջում այսպես է գրել հեղափոխության օրերին Մանվել Գրիգորյանի ոճրագործություններից մեկի մասին սարսափելի պատմություն ներկայացրած ամերիկաբնակ կինը՝ Մայա Սթեֆանի Մնոյանը:

«Հեղափոխության առաջին ու ամենացնցող քայլը Մանվել Գրիգորյանի զարհուրելի ոճրագործությունների բացահայտումն էր, որը չափազանց հուսադրող էր, սակայն հիասթափությունը գնալով խորանում է: Մանվել Գրիգորյանը այսօր ազատության մեջ է: Համազգային հրճվանքով ու ոգևորությամբ սրտապնդված՝ մեր վտարանդի ընտանիքը վերագտավ տասնամյակներ շարունակ կորցրած հույսը, թե մի օր մենք էլ կվերադառնանք հայրենիք: Հավատալով արդարության վերականգնմանը՝ ես ուժ գտա ի լուր աշխարհի ներկայացնելու մեր ընտանիքի սարսափազդու պատմությունը, որը իրագործվել էր անձամբ Մանվելի հրահանգով և ձեռամբ:

ԱՄՆ-ից գրավոր հաղորդում ներկայացրեցի ՀՀ ոստիկանություն, ՀՀ ոստիկանապետին, ՀՀ գլխավոր դատախազին: Անգամ վարչապետին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթում տեղ գտավ իմ գրառումը: Օրեր անց զանգահարեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից և ինձ ու Էդգարին կանչեցին Հայաստան: Քանի որ Էդգարը մի քանի օրից ծանր վիրահատության պիտի ենթարկվեր, բնականաբար չկարողացավ գալ, ինչի մասին ես տեղյակ պահեցի քննիչին և մեկամսյա արձակուրդ վերցնելով՝ միայնակ եկա Հայաստան:

Զանգեցի քննիչին, կանչեց: Ես և երևանաբնակ հորեղբորս աղջիկը, ով դեպքերի առաջին իսկ օրից մեր կողքին է եղել ու ամբողջությամբ տեղյակ է իրողությանը, ներկայացանք քննչական ծառայություն: Քննիչ Թադևոսյանը մեզ մի քանի հարցեր տալուց հետո ասաց, որ Էդգարը պիտի գրավոր ներկայացնի դեպքը: Էդգարը ամենայն մանրամասնությամբ գրեց ամբողջ պատմությունը, նշեց անուններ, որոնք պակաս հայտնի չեն, քան Մանվելինը:

Հայաստանում գտնվելուս օրերին պարբերաբար զանգում էի քննիչին, ամեն անգամ պատասխանում էր՝ մի քանի օրից կկանչենք: Լրացավ մեկ ամիսը, չկանչեցին: Ստիպված ետդարձիս տոմսը երկարացրի ևս քսան օրով, որի պատճառով կորցրի աշխատանքս ԱՄՆ-ում: Մինչ օրս չեն զանգել:

Տարիներ առաջ Մանվելի «շնորհիվ» Հայաստանում կորցրել էինք մեր տունն ու ինչքը. վերադարձա վերագտնելու հավատ ու արդարություն, սակայն կորցրի աշխատանքս:

Գուցե այն ամենը, ինչ հայտնաբերվեց Մ. Գրիգորյանին պատկանող տարածքներում օդից էր ընկել, չեմ քննարկում, ես ոչ տվյալ գործով քննիչն եմ, ոչ էլ դատավորը, բայց ես հաղորդում եմ տվել հանցագործության մասին և պահանջում եմ ընթացք տալ:

Այլևս ոչինչ չունենք կորցնելու, մեր տարիների ամենասրբազան երազանքը հայրենիք վերադառնալն էր, սակայն հայրենիքն էլ մեզ ուրացավ: Կօգտագործեմ բոլոր հնարավոր և անհնարին միջոցները, կդիմեմ Եվրոդատարան, կթակեմ բոլոր դռները….

Չեմ լռելու»,-գրել է Մայան: Հիշեցնենք, որ կինը պատմություն էր պատմել սեփական եղբոր ու իր ընտանիքի մասին. թե ինչպես էր Մանվել Գրիգորյանը սպառնալիքներով խլել իրենց ամբողջ ունեցվածքը, ինչպես էր իր եղբորը շղթայված վիճակում պահել ջրհորում, ինչ կտտանքների են ենթարկել ու ինչ են կորցրել իրենք այդ ամենի արդյունքում: