Երգչուհի Սոնա Շահգելդյանը շոուբիզնեսի այն քիչ ներկայացուցիչներից է, որ հեղափոխության առաջին իսկ օրերից իր աջակցությունն ու մասնակցությունն է ունեցել բողոքի զանգվածային ակցիաներին, սակայն, արի ու տես, որ նոր իշխանության սիրելի գործելաոճը, ըստ որի՝ «ով փողոց է փակել, մերն է», շրջանցել է սիրված երգչուհուն, վերջին շրջանում նա պետական միջոցներով կազմակերպված որևէ տոնական միջոցառման ելույթ չի ունեցել, մինչդեռ քաղաքապետ Հայկ Մարությանի հետ ընկերություն անող «աստղերը» հերիք չէ ամեն օր հեռուստաէկրաններին են, դեռ մի բան էլ տոնական միջոցառումների բեմերն են իրենցով արել։ Ուստի, Շահգելդյանին հարցրինք, թե ո՞րն է իր պասիվության պատճառը․
«Ակտիվ եմ, ուղղակի շատ գործեր ունեմ, այդ պատճառով չեմ հասցնում նոր տեսահոլովակներ թողարկել, և քանի որ տարին սահմանափակվեց արդեն, մտնում ենք 2019 թվական, այդ ժամանակ արդեն լիքը նորություններ կլինեն։ Մինչ այս մասնակցել եմ շատ պրոեկտների, Նոր տարվա հետ կապված ֆիլմ ենք նկարահանել»,- ասաց նա։
– Դուք հեղափոխության առաջին իսկ օրերից միացաք բողոքի ակցիաներին, սակայն հիմա միջոցառումներին ելույթ չեք ունենում, Ձեզ չե՞ն հրավիրում։
– Այո, ես առաջին իսկ օրերից միացել եմ, իմ ժողովրդի հետ եմ եղել, միշտ էլ իրենց կողքին եմ լինելու։ Այո, չեն հրավիրել, բայց այնպես չէ, որ ես աշխատանքի պակաս ունեմ։ Միայն հեղափոխությանը չէ, հավանաբար կհիշեք, որ 100 դրամանոցների ակցիային, «Էլեկտրիկ Երևանին» ես նույնպես մասնակցություն ունեցել եմ, ու միայն ես չէ, իմ ընտանիքն էլ ինձ հետ, ես ամեն դեպքում իմ քայլը արել եմ։ Ինձ Էրեբունի- Երևանի ժամանակ էլ չհրավիրեցին, չհրավիրեցին նաև այդ գեղեցիկ տոնածառի բացմանը։ Ես միշտ էլ իմ ժողովրդի համար եմ երգել ու շարունակելու եմ երգել։
– Շոուբիզնեսում էլ կարծես թե աստղերը բաժանված են հին և նոր իշխանությունների միջև։ Այս երևույթին ինչպե՞ս եք վերաբերվում։
– Կա նման երևույթ, ճիշտ եք նկատել, բայց ես չեմ սիրում, որ մարդիկ քծնում են, առհասարակ, ով ուզում է, լինի, ես ինքս այդպիսի մարդ չեմ։ Դեռ չի եղել նման դեպք, ու, ճիշտն ասած, չգիտեմ, թե ում են կանչում, ինչ են անում, ինձ թվում է կազմակերպիչներն են կանչում, իրենք են որոշում։ Կազմակերպություն կա, փրադաքաշն կա, որ ինքը որոշում է, թե ում հրավիրի, իրենք են որոշում։
– Եթե սրանից հետո հրավերներ լինեն, կմասնակցեք՝ նկատի ունենալով, որ 2 անգամ չեն հրավիրել։
– Եթե լինի, կմասնակցեմ, ես խնդիր չունեմ ոչ մեկի հետ, որովհետև ես հրապարակում երգել եմ, դա պետք է չմոռացվի երբեք, ու եթե լինի, անպայման կմասնակցեմ։ Կտեսնեմ, թե ով է կազմակերպում ու սիրով կմասնակցեմ։ Անկախության օրը համերգ եղավ, ես մասնակցել եմ սիրով։ Եթե հրավերներ լինեն, միշտ էլ կմասնակցեմ։ Էն ժամանակ էլ ինձ չեն հրավիրել, ասեմ, իմանաք։ Տարիներ առաջ էլ որ եղել են համերգներ, կոնկրետ կազմակերպիչներ ինձ չեն հրավիրել։ Դա իրենց խնդիրն է, ես կորցնելու բան չունեմ, կոնկրետ կազմակերպիչներինը։