Ամանորին գեղեցիկ սեղան ունենալու համար կանայք և աղջիկները կարող են օրերով պատրաստել զանազան ուտեստներ, պեղել տարբեր բաղադրատոմսեր, որպեսզի տոնական սեղանի տեսքը կատարյալ լինի։ Սակայն քչերն են նախապատվությունը տալիս ավանդական ուտեստներին, որոնց պատրաստման եղանակը, ըստ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանի՝ բավականին հեշտ է, բացի այդ, ավանդական ուտեստները բավականին համեղ են և յուրօրինակ տեսք կարող են տալ տոնական սեղանին։
168.am-ի հետ զրույցում Սեդրակ Մամուլյանը նշեց, որ նախկինում բոլոր տոներին պատրաստել են տոնածիսական կերակուրներ, եղել է սննդի համակարգ եկեղեցական և ժողովրդական տոների համար։
Նրա խոսքով՝ այդ սննդի համակարգը գուցե որոշ չափով մոռացվել է, սակայն 60-70 տոկոսով պահպանվում է։
«Ամանորի կերակրատեսակը Նավասարդի հարիսան է կամ քաշիկան, այն սովորական հարիսայից տարբերվում է նրանով, որ չեն խառնում և պատրաստում են գառան մսով՝ գառի միս, ձավար, ջուր և աղ։ Այս ամենը շերտերով դնում են կաթսայի մեջ եփվելու և չեն խառնում։ Ամանորին հարիսան չէին խառնում, որպեսզի գալիք տարին խառնակ չլիներ։ Ամանորի սեղանի հիմնական ուտեստներից էր նաև տարեհացը, որը պատրաստում էին աննշան քաղցրությամբ խմորով։ Տարեհացի մեջ դնում էին միջինք՝ ընդեղեն կամ մետաղադրամ, և այն բաժանում էին տան անդամների քանակով, միջինքը ում բաժին ընկներ, նա էլ այդ տարվա հաջողակն էր»,- նշեց Սեդրակ Մամուլյանը։
Ինչ վերաբերում է խմիչքներին, ապա Սեդրակ Մամուլյանի խոսքով՝ հնում Ամանորին դնում էին այն, ինչ պահում էին մառաններում՝ գինի, օղի և մրգերով պատրաստված այլ խմիչքներ։
«Մեր իրականության մեջ Ամանորը երեք անգամ փոխվել է, և բնական է, որ որոշ իմաստով ավանդական կերակրատեսկները ևս փոխվել են։ Քանի որ Ամանորն ունի նաև առատության խորհուրդ և այն հիմնականում նշում են ընտանիքներում, ուստի այստեղ սահմանափակումներ չկան, կարելի է այլ կերակրատեսակներ ևս պատրաստել։ Սակայն այսօրվա սեղանների ավանդական կերակրատեսակը՝ «խոզի բուդը», նախկինում չի եղել, դրան փոխարինել են ամիչները՝ հնդկահավի, բադի, վայրի թռչունի լցոնված միսը»,- շեշտեց Ս. Մամուլյանը։
Անդրադառնալով տոնական աղանդերին, Սեդրակ Մամուլյանը նշեց, որ ավանդական աղանդերից եղել են լցոնված ամիչները՝ ղափամա, չրեղեն, կլոր գաթա, չարազեղեն և այլն։
Զվարթ Խաչատրյան