Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնական, անվտանգության խորհրդի քարտուղար Գաբիթ Բայժանովի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԽ մամուլի ծառայությունից, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Կարագանդայում ստեղծված իրավիճակի շուրջ: ՀՀ ԱԽ քարտուղարն իր խորին ցավակցություններն է փոխանցել սպանված Ժանսեիտ Բակըտժանուլի հարազատներին և մերձավորներին:
Երկուստեք ընդգծվել է կենցաղային հողի վրա ծագած վեճի արդյունքում տեղի ունեցած ողբերգության` ազգամիջյան խնդրի վերածելու անթույլատրելիությունը: Երկու երկրների ԱԽ քարտուղարներն առանձնահատուկ կարևորել են բազմակողմանի և թափանցիկ քննության և հանցագործության բոլոր մեղավորներին բացառապես օրենքի և արդարադատության շրջանակներում պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:
Միաժամանակ կարևորվել է երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև անմիջական կապի շարունակականության ապահովման կարևորությունը: