Անցած տարին առավել շոգն է եղել Իտալիայում վերջին երկու դարի ընթացքում՝ գերազանցելով ռեկորդը: Այս տվյալները տարածել են Մթնոլորտի ուսումնասիրման ինստիտուտը և Հետազոտությունների ազգային խորհուրդը:
Ինչպես նշվում է նրանց զեկույցում, Իտալիան պատկանում է այն երկրների շարքին, որտեղ ջերմաստիճանների աճը բարձր է աշխարհի միջին տաքացման համեմատությամբ: «Օդի ջերմաստիճանը Ապենինների տարածքում սկսել է բարձրանալ 1980-ական թվականներին, և այդ միտումը շարունակվում է: Այսպես, սկսած 1800 թվականից, առավել շոգ 30 տարիներից 25-ը բաժին են ընկնում 1990 թվականից հետո ընկած ժամանակաշրջանին»,- ասված է զեկույցում: Օդերևութաբանական դիտարկումների համաձայն, 2018 թվականին ջերմաստիճանի միջին ցուցանիշը բարձրացել է 1,58 աստիճանով, ինչը բարձր է 2015 թվականի նախորդ ռեկորդից, երբ գրանցվել էր 1,44 տոկոս աճ:
«Իտալիան կլիմայական փոփոխությունների գործընթացի ցայտուն օրինակ է,-ասում են մասնագետները:- Այս ֆենոմեններից առավել մեծ չափով տուժում է բնապահպանությունը, ինչպես նաև գյուղատնտեսությունը»: Գյուղատնտեսական արտադրողների Coldiretti ասոցիացիայի տվյալներով՝ 2018 թվականին երաշտներից, ջրհեղեղներից և անսպասելի ցրտահարություններից վնասը կազմել է առնվազն 1,5 մլրդ եվրո:
Դրա հետ մեկտեղ նշվում է, որ անցյալ տարին առանձնապես շոգ է եղել Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում և Ավստրիայում, որտեղ նույնպես գրանցվել են ջերաստիճանային պատմական առավելագույն ցուցանիշներ: